Բաժին : Լուրեր
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչություն․ նոր մանրամասներ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ահաբեկչական հարձակման փորձ է համարում այսօր Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ մեքենայի բախումը պատնեշին, որի հետևանքով տուժել էր մի քանի մարդ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ իրավապահներին արդեն հաջողվել է ձերբակալել խորհրդարանի շենքի պատնեշին բախված մեքենայի վարորդին, նրա ինքնությունը դեռևս չի բացահայտվում։
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ վարորդը հանկարծակի կտրուկ կերպով շեղվում է ավտոմայրուղուց և, ավելացնելով մեքենայի արագությունը, բախվում պատնեշին։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նա զարգացրել է 80 կմ/ժ արագություն։
Լոնդոնի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավարի տեղակալ Նեյլ Բասուն նշել է, որ հանցագործի մոտ ձերբակալման պահին զենք չի հայտնաբերվել։
Նշվում է, որ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, մեկ մարդ դեռ մնում է հոսպիտալացված․ նրա կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր աջակցությունն է հայտնել տուժածներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնելով իրավապահներին՝ օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողության համար։