Ուժայինները բացահայտեցին ճշմարտությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մինչ վերլուծաբաններն ու փորձագետները «գլուխ են ջարդում» Լավրովի  հայտնի հայտարարության բուն իմաստն ու նպատակը հասկանալու համար, իսկ նրանցից շատերն էլ` տեղի ունեցածը Մոսկվայի կողմից Երևանին նետված մարտահրավեր համարում, համաժամանակյա ռեժիմով տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գալիս են ցրելու այն բոլոր մտահոգությունները, որոնք առաջացել էին ինչպես Lավրովի հայտարարության, այնպես էլ այդ ֆոնին ռուսական մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների շուրջ: Այսպես՝ օգոստոսի 3-ին «Ընկերակցության մարտիկ» ռազմամարզական խաղերի արդյունքների ամփոփմանը ներկա գտնված ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում արձագանքելով «Комерсант» -ի այն հրապարակմանը, համաձայն որի՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել  100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը, հերքել է այդ տեղեկատվությունն ու հավաստիացրել, որ «ամեն ինչ աշխատում է»: Իսկ Խաչատուրովի շուրջ տեղի ունեցողն էլ ռուս բարձրաստիճան զինվորականը համարել է «արդարադատության իրականացում»: Իր հերթին նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի խոսքերը զենքի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև չափազանց արդյունավետ համարել իր և Ֆոմինի միջև կայացած բանակցություններն ու վստահեցրել, որ ռուսական կողմից ՀՀ-ի վրա որևիցե ճնշում չկա. հարաբերությունները խիստ կառուցողական են, համապատասպան ռազմավարական փոխգործակցության բոլոր սկզբուքներին: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն, ապա Տոնոյանը հայտարարել է, որ գոյություն ունեն սահմանված ժամկետներ, և Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև վերջ: Միևնույն  ժամանակ նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, ընդունել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպումն անցել էր չափազանց ջերմ մթնոլորտում. կողմերն ընդգծել էին ազգային անվտանգության ոլորտում ՀՀ ու ՌԴ միջև ձևավորված բեղուն համագործակցության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել՝ այս ոլորտում առկա առանց այն էլ խորը հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու, երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև առկա համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու: Թե որը կարող էր լինել ՌԴ կողմից նման հապճեպ քայլերի իրականացումն, հասկանալի է. վերջին օրերին փորձագետների արևմտամետ հանրույթն առիթը բաց չթողեց Լավրովի հայտարարությունը հասարակությանը մատուցել որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին: Մեկնաբանությունները հաճախ այնպիսի պրիմիտիվությամբ էին կատարվում, ասես  խոսքը ոչ թե բազմափորձ Լավրովի մասին էր, այլ ինչ-որ նորավարտ կրտեսեր մասնագետի, ում պատահաբար Կրեմլը որոշել է կարգել ԱԳ նախարար:  Մեր նախորդ հոդվածներից մեկով անդրադարձել էինք այն հարցին, թե իրականում Լավրովի հայտարարությունն ինչ խորքեր կարող էր պարունակել իր մեջ և հատկապես ինչ նպատակով էր արվում, կարծիք էինք հայտնել, որ որևիցե խորքային հակասության մասին խոսք լինել չի կարող՝ պայմանավորված ատաջին հերթին այն խորքային կապերով,որոնք մշտապես բնորոշ են եղել հայ-ռուսական հարաբերություններին: Եվ ահա հայ և ռուս պաշտոնյաների վերոհիշյալ հայտարարությունները գալիս են հաստատելու այն, որ իրականում  երկու կողմերի միջև կապերը ոչ թե վատանում են, այլ՝ խորանում: Անշո՛ւշտ, կապված Խաչատուրովի շուրջ ընթացող պրոցեսներով Մոսկվան զուտ օբյեկտիվորեն չէր կարող չունենալ որոշակի անհանգստություններ: Ենթադրելի է, որ այս ընթացքում հայկական կողմը կարողացել է փարատել Մոսկվայի կասկածներն, ու կողմերն եկել են ընդհանուր հայտարարի: Ռուսաստանցի փոխնախարարի համապատասխան հայտարարությունը կարող է հենց դրա մասին վկայել, վկայել, որ իսկապես Երևանը ոչ թե փորձում է ասենք ՀԱՊԿ-ը քանդել ներսից, այլ ընդամենը հայաստանյան նոր ղեկավարությունը փորձում է երկրում արդարություն  հաստատել՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ ներկա ու նախկին պաշտոնյաներ են հայտնվում մանրադիտակի տակ: Բոլոր դեպքերում հայ-ռուսական հարաբերությունների խորացումը հատկապես ռազմաքաղաքական տիրույթում չի կարող ուրախություն չպատճառել՝ հատկապես հաշվի առնելով այն վտանգավոր իրավիճակը, որ այժմ ստեղծվել է Անդկովկասում: Ակնհայտորեն երկու կողմերում էլ կա հստակ գիտակցումն այն բանի, որ առանց մեկը մյուսի անհնար է լինելու հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են դաշնակից երկրների առաջ. հիմա առավել քան երբևէ կողմերը միմյանց կարիքն են զգում: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.