Բաժին : Մամուլի տեսություն
«Ժամանակ». Թրամփ-Փաշինյան հանդիպումից ավելի կարևոր. տնային աշխատանքը
«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան- Թրամփ հանդիպման հարցը դիտարկվում է, սակայն չկա վերջնական որոշում: Հարցը, այսպես ասած, օրակարգ մտավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի և հայամետ կոնգրեսականների հետ հանդիպման շրջանակում:
Ավելին՝ նախ այն դարձավ Միրզոյանին ուղղված փորձագիտական որոշ շրջանակների քննադատության պատճառ, թե ինչպես է հնարավոր ունենալ Թրամփի անունը լսել չցանկացող դեմոկրատների շրջանում Փաշինյանի հետ նրա հանդիպման ցանկություն արտահայտելու անզգուշություն: Բայց հետո պարզվեց, որ իրականում հենց դեմոկրատ կոնգրեսականներն են խոսել այդ հանդիպման ցանկալիության մասին, իսկ հետո արդեն նրանք սկսեցին ստորագրահավաք Կոնգրեսում՝ հանդիպման կոչով Թրամփին դիմելու համար:
Ավելի ուշ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հայտարարեց, որ հարցը և հանդիպման հնարավորությունը գտնվում է պետքարտուղարության հետ քննարկումների տիրույթում: Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ պետք է մեկնի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցության համար: Ի դեպ, հետաքրքիր է, որ Թրամփը նաև հանձնարարել է սեպտեմբերին ԱՄՆ հրավիրել նաև Պուտինին: Արդյո՞ք այդ հանգամանքը, իհարկե անուղղակի, սակայն կարող է ունենալ որևէ դրական ազդեցություն Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարի հարցում՝ այն իմաստով, որ փոքր-ինչ կվկայի Արևմուտք-Ռուսաստան հարաբերության լարվածության թուլացման մասին, ինչն էլ հայկական կողմին կազատի այդ խնդրին և դրանով պայմանավորված Ռուսաստանի արձագանքին նայելու անհրաժեշտությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: