Բաժին : Մամուլի տեսություն
«Հրապարակ». Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ՀՀ ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի ծրագրի մեջ կլինի ՀՀ նախագահի հետ հանդիպումը
«Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեծ թվով պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ են գալու Երևան: Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, և վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա:
Գագաթնաժողովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայաստանում: 2 նախագահների պետական այցի հրավերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, և այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ:
Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեև ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական բնույթ կրեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: