Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է ՀՖՖ-ի նկատմամբ «Շիրակ» ՖԱ-ի միջնորդությամբ կայացրած իր որոշումը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են: Համենայնդեպս ներպետական դատական ատյաններում, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը վերացնելու միջնորդությունը ներկայացրել էր մի շարք հիմնավորումներով: Միջնորդության մեջ ՀՖՖ-ն մասնավորապես նշել է. «ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն ազգային ֆեդերացիաների որոշումները կարող են կասեցվել բացառապես ՖԻՖԱ-ի կամ Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից: ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի քաղաքականության հիմնադրույթներից է ֆուտբոլի տարանջատումը պետական ինստիտուտների միջամտությունից, մինչդեռ սույն գործով որոշում է կայացրել ՀՀ պետական դատարանը: ՀՀ դատարանի նման պրակտիկան հղի է հայկական ֆուտբոլի համար խիստ անցանկալի հետևանքներով ընդհուպ մինչև միջազգային մրցաշարերում ՀՀ հավաքական թիմերիր որակազրկումը»: Օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավոր՝ Ռ. Վարդազարյանի նախագահությամբ, քննարկել է ՀՖՖ միջնորդությունը և այն բավարարել ամբողջությամբ: Նոր որոշմամբ Ռ. Վարդազարյանը վերացրել է 17.05.2018 թ. իր իսկ կայացրած որոշումը: Հետաքրքիր է, որ իր օգտին կայացրած որոշումը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել նաև «Շիրակ» ՖԱ–ն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.