Այն, որ Մ. Հարությունյանը ՀՀ-ում չէ, մեր մեղքը չկա, քանի որ ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ազատ է իր տեղաշարժերում. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե իրավապահներն ու ԱԱԾ-ն մեղք ունեն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով որպես մեղադրյալ կանչված է ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով, Հայաստանում չէ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց մեղքը չկա՞, որ Միքայել Հարությունյանն արդեն Հայաստանում չէ, Արթուր Վանեցյանն ասաց. «Ընդհանրապես չկա, որովհետև ցանկացած մարդ, ում նկատմամբ դեռ մեղադրանք առաջադրված չէ, և նա քրեական գործի շրջանակում չունի կարգավիճակ, ազատ է իր տեղաշարժերում»: Անդրադառնալով երեկ Փանիկ գյուղում տեղի ունեցածին՝ ԱԱԾ պետն ասաց. «Տեղի ունեցած միջադեպը ես կգնահատեմ որպես... անփութություն չասեմ, կոպիտ կհնչի, բայց պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ... Համայնքը ծանուցված չի եղել, դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել, աշխատում ենք իրենց հետ, որ նման բան այլևս չլինի»: Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել, որի ընթացքում պայթյուններ և կրակոցներ էին հնչել: Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի իշխանությունն ի պատասխան կատարվածի, ԱԱԾ պետը հավաստիացրեց. «Իշխանությունն ինչ պետք է անի, արել է, մենք արձանագրել ենք, տվել ենք մեր գնահատականը, պաշտոնապես դիմել ենք ռազմաբազայի ղեկավարությանը, և նրանք հավաստիացրել են, որ այլևս նման բան չի կրկնվի»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ըստ որոշ վերլուծությունների՝ Փանիկում ամեն ինչ կատարվել է մարդկանց ինչ-որ «ուղերձով» ահաբեկելու նպատակով, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Չկա նման բան, չկա նման բան»: Նա անդրադարձավ նաև Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանն անցած Կարեն Ղազարյանի դեպքին և նշեց, որ նրա տունը սահմանից 300-500 մետր հեռավորության վրա է գտնվում: Ունենալով որոշակի առողջական խնդիրներ՝ Կարեն Ղազարյանը մոլորվել է ու պատահաբար հատել սահմանը։ «Այսինքն` այն վարկածը, որ շրջանառվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, չի համապատասխանում իրականությանը»,- հստակեցրեց Արթուր Վանեցյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.