Ի՞նչ բացահայտեց Նիկոլ Փաշինյանը Սյունիքում

Ինչպես հայտնի է, Փաշինյանն այցելել է Սյունքի մարզ, ուր տարբեր քաղաքներում բավական մարդաշատ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ՝ կատարելով հայտարարություններ, որոնք, ըստ էության, բացահայտում են ՀՀ ժամանակավոր կառավարության՝ առաջիկա ամիսների  համար մշակած համար մեկ պլանը: Մասնավորապես՝ թե՛ Մեղրիում, թե՛ Գորիսում մարդկանց հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր ուղերձը կառուցել էր  մեկ հիմնական գաղափարի վրա՝ նախկին փտած համակարգի լիարժեք ապամոնտաժման անհրաժեշտության, օրենքի ուժով կոռուպցիայի հաղթահարման  ու ժողովրդի «արյունը ծծած» թալանչիներին պատասխանատվության ենթարկելու կարևորության, այսինքն՝ պատժի: Կարելի՞ է, արդյոք, Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու, մասնավորապես, այդ ընթացքում հնչեցրած ելույթերում տեղ գտած հիմնական մտքերը վերլուծելիս հաշվի չառնել այն իրականությունը, որի առաջ այժմ կանգնած է Հայաստանի ներքաղաքական ողջ դաշտը: Ակնհայտորեն՝ ոչ, քանի որ անկախ ամեն ինչից պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը դեռևս շատ իմաստներով հեղափոխական վիճակում  գտնվող երկիր է, ու Փաշինյանն իր թիմի հետ միասին դեռևս խնդիր ունի սկսած գործն իր կատարյալ ավարտին հասցնելու: Այսպիսով՝ Փաշինյանն, ըստ էության, Սյունիքում բացահայտեց ժամանակավոր կառավարության՝ առաջիկա ամիսների հիմնական անելիքը, ինչը, թերևս, չափազանց կարևոր է հատկապես քաղաքական տեսանկյունից: Խոշոր հաշվով ծրագրային ելույթներ Սյունիքում կարելի է ասել, դեռ չեն հնչել՝ չնայած որոշ կարևոր հարցերի վերաբերյալ Փաշինյանը հնարավորություն է ունեցել սեփական տեսակետներով կիսվել սյունեցիների հետ: Հարց է առաջանում՝ ծրագային ելույթներ չկան, որովհետև համակարգված ծրագի՞ր չկա, թե՞ չկան, որովհետև դրանք քաղաքական իմաստով ոչ այնքան էֆեկտիվ են ու հանրության վրա այքան էլ մեծ տպավորություն կարող են և չթողնել: Իրականում Փաշինյանին խոշոր հաշվով առայժմ խորքային ծրագրային ելույթներ պետք էլ չեն, եթե նույնիսկ դրանք ինչ-որ տեղ անգամ գրված-դրված են. «Ելք»-ին առայժմ հարկավոր է համոզել հասարակությանը, որ հեղափոխության լիարժեք հաղթանակի պարագայում հենց ինքն է հանդիսանալու այն քաղաքական ուժը, հենց Փաշինյանն է լինելու այն գործիչը, որի օրոք վերջապես պատժվելու են բոլոր նրանք, ովքեր այդքան ատելի են եղել հասարակության համար: Սա, կարելի է ասել, քաղաքական իմաստով անվրեպ մարտավարություն է՝ հաշվի առնելով հատկապես այն, թե ամիսներ առաջ ինչի համար էր փողոց դուրս եկել հասարակությունը: Այժմ ժամանակավոր կառավարության խնդիրը քաղաքական իմաստով մեկն է՝ համապատասխան  տեմպերի պահպանումն ու հեղափոխական մթնոլորտի երաշխավորումը. Հայաստանի օդը պետք է հեղափոխությամբ լցված լինի առնվազը մինչև արտահերթ ընտրությունների անցկացումն, իսկ  դա անելու համար ամենակարճ ճանապարհը մարդկանց համապատասխան ռիթմի մեջ պահելն  է. «դուխով»: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.