fbpx
/// Փաշինյանի գլխավոր մարտահրավերն՝ ընտրություններից առաջ

Փաշինյանի գլխավոր մարտահրավերն՝ ընտրություններից առաջ

Ժամանակը ոչ մի վայրկյան կանգ չի առնում, իսկ դա նշանակում է, որ ամեն մի հաջորդ ակնթարթ Հայաստանին մոտեցնում է արտահերթ ընտրությունների շեմին՝ քաղաքական ուժերի համար  դրանից բխող բոլոր ճակատագրական հետևանքներով:

Պետք է արդարացիորեն նկատել, որ արտահերթ ընտրություններն ամենամեծ փորձության են վերածվելու ոչ միայն ասենք ՀՀԿ-ի համար, որն այլևս, ըստ էության, համակերպվել է իր ապագա դերի հետ, այլև առավելապես հեղափոխության, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի, ում ուսերին է ծանրացած երկրում կատարվողի, լավի ու վատի ողջ քաղաքական պատասխանատվությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ հեղափոխության վերջնական ու աներկբա հաղթանակի համար: Ըստ էության՝ մեկ բան՝ տնտեսական առաջընթաց ամենակարճ ժամկետներում՝ այնպիսի մի աճ, որը կհասցնի սեփական մաշկի վրա զգալ նախևառաջ շարքային քաղաքացին:

Իսկ հայտնի է, որ տնտեսութան շարժիչ ուժը կապիտալիստական աշխարհում ներդրումներն են՝ ներքին ու արտաքին: հայտնի է նաև, որ ներդումների հոսք ապահովելու համար հարկավոր է ոչ միայն քաղաքական կամք, որի երաշխիքները Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, արդեն իսկ հասցրել է տալ, այլև օրենսդրական դաշտ՝ բխող նույն այդ քաղաքական երաշխիքներից. առանց համապատասխան միջավայրի առկայության վարչապետի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները չեն կարող տպավորիչ լինել, քանի որ նույն օտարերկրացու համար, վերջին հաշվով, ավելի կարևոր  են լինելու ոչ թե արտասանված տեքստերը, այլ այն օրենսդրական դաշտն ու դրա անխափան գործունեությունը, որի առկայության դեպքում միայն ասենք նույն եվրոպացին կամ արաբը կգան ու իրենց ազատ միջոցներն  կներդնեն հենց այստեղ:

Եվ ուրեմն՝ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ու անհապաղ:

Նախ պետք է ձերբազատվել ոչ միայն կոռումպացված դեմքերից, այլև այդ կոռուպցիայի համար հենասյուն ծառայած օրենքներից ու կարգերից. մասնավորապես՝ Փաշինյանն այս կարճ ժանակահատվածում պետք է հասցնի ազատել ՀԴՄ-ների ներմուծման մենաշնորհը, լուծել փոքր ներմուծումների խնդիրը՝ ստեղծելով հնարավոինս կատարյալ մեխանիզմներ բյուջե մուտք գործող վճարումների վերահսկման համար, մաքսազերծման մեխանիզմները փոխել, ազատականացնել ՀԴՄ-ների ներմուծման դաշտը և այլն: Այսինքն՝ անել այն ամենն, ինչը կարող է հնարավոր դառնալ միմիայն հարկային օրենսդրության փոփոխության պարագայում. մեր երկրում հարկային համակարգը պետք է իր գործունեության առանցք դարձնի ՓՄՁ-ները, քանի որ առանց այդ գերխնդրի լուծման անհնար է լինելու նույն աշխատատեղերի հարցի լուծման գործում էական առաջընթացի գրանցումը՝ խնդիր, որն ուղղակիորեն կապված է հասարակական կենսամակարդակի բաձրացման հարցի հետ. աշխարհի զարգացած երկրներում աշխատատեղերի առյուծի բաժինը ստեղծում են հենց ՓՄՁ-ները, այլ ոչ թե խոշորները:

Թերևս, շատերը կարող են հակաճառել, որ վերը թվարկված ու չհիշատակված, բայց կենսական փոփոխություներ անելու ու դրանք կենսունակ դարձնելու համար ոչ թե մի քանի ամիս, այլ կարող է և մի քանի տարի պահանջվի:

Պետք է ասել, որ նման կերպ մտածողները բնավ սխալ չեն, ու, իսկապես, տասնամյակներով քանդածը մի քանի ամսում վերականգնելն ուղղակի ֆիզիկապես անհնար է ցանկացած կառավարության համար, եթե նույնիսկ երկիրը ոչ թե բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտների ճիրաններում հայտնված Հայաստանն է, այլ ասենք բարեկեցիկ  Կանդան: Սակայն հարցի քաղաքական արժեքը կայանում է հենց նրանում, որ ակնկալվող էֆեկտ ուենալու ու ընտրություններին պարզ ճակատով ընտրողներին ներկայանալու համար Փաշինյանը պարտավոր է լինելու ակնկալվող փոփոխությունների մեկնարկը տալ նախքան նախընտրական քարոզչության սկիզբը ու այնպես անել նաև, որ բարեփոխումների մեկնարկն ինքնին խոստումնալից ու կառուցողական թվա քաղաքացիների գոնե մեծ մասին:

Կկարողանա՞ վարչապետը լուծել խնդիրը, թե՞ ոչ՝ ահա այն հարցը, որի պատասխանից է կախված լինելու հեղափոխության հետագա ճակատագիրը:

Norlur.am

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-16T18:36:13+00:00 Հունիսի 16 18:36|Մեկնաբանություն|0 Comments
//
//