Փրփուրներից կախվողները. ի՞նչը չի բավարարել ՀՀԿ-ին

Ինչպես և ակնկալվում էր ի սկզբանե, և ինչպես որ շարունակ հավաստիացնում էին ԱԺ-ում էական ներկայություն ունեցող ՀՀԿ-ականները, ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում հանրապետականները չխոչընդոտեցին Փաշինյանի ծրագրի ընդունումն, ու վարչապետի ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39  դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից ծրագրի քննարկման ժամանակ հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողներ, կար նաև քաղաքական բանավեճ, ինչը, թերևս, միմիայն պետք է ողջունելի համարել՝ չնայած որոշ նկատառումների: ԱԺ համապատասխան նիստը, սակայն, միայն իրադարձային տեսանկյունից չէ, որ հետաքրքրություն է առաջացնում. այն, ըստ էության, բացահայտեց այն ընդդիմադիր մարտավարության էությունը, որ ընտրվել էր ՀՀԿ-ի կողմից՝ իբր վարկաբեկելու, փնովելու կառավարության ծրագիրը: Միանգամից պետք է ամրագրել, որ ԱԺ դահլիճում հանրապետականների կողմից հնչեցրած քննադատական ճառերը որևիցե կերպ կառուցողական չեն կարող համարվել հենց միայն այն պատճառով, որ դրանք ոչ միայն հիմնազուրկ էին՝ քաղաքական պեսիմիզմով ու պարզ չարակամությամբ թաթախված, այլև որոշ դեպքերում զարհուրելի. որոշ հանրապետականների այդպես էլ հանգիստ չէր տալիս կառավարության ծրագրում թվերի, վիճակագրական այս կամ այն տվյալների բացակայության հարցը, ավելին՝ որոշ «հռետորների» կողմից շարունակաբար փորձ էր արվում թվերի բացակայության իրողությունը ներկայացնել որպես ծրագրի թերության ապացույց ու համոզել բոլորին, թե նախորդ կառավարությունների ծրագրերի ֆոնին Փաշինյանի ծրագիրը ոչ միայն մի շարք հարցերում հստակություն չի մտցնում, այլև առաջ է բերում անպատասխան մնացող հարցեր, որոնք բացասաբար են անդրադառնում ծրագրի ընկալելիության վրա: Իբր քանի որ թվեր չկան, չկա և երաշխիք, որ ծրագրում տեղ գտած դրույթները կարող են կյանքի կոչվել: Պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանի ելույթը, թերևս, լավագույն պատասխանը դարձավ այն «նկատառումների», որոնք արհեստականորեն փորձում էին որպես փաստարկ ներկայացնել մի կուսակցությունում, որի կառավարման տարիներին Հայաստանը վերածվեց տարիներ շարունակ միայն անկում գրանցած ու տնտեսական գահավիժում  ապրած պետության: Զոհրաբյանի խոսքերով՝ Փաշինյանի կառավարությունը «մեկ գլխավոր խնդիր ունի. քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար և հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհդարանական ընտրությունների: Այս խնդիրները ոչ միայն ծրագրում ձևակորպված են, այլև հստակ իրագործվում են»: Եվ ուրեմն՝ հարց՝ թվերի ծարավ որոշ ՀՀԿ-ականներին՝ ի՞նչ թվեր են պետք՝ համոզվելու համար, որ կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք, ցանկություն՝ կազմալուծելու այն փտած համակարգը, որ ՀՀԿ-ի հետևողական ջանքերի շնորհիվ երկար տարիների ընթացքում ստեղծվել է Հայաստանում: Կառավարության խնդիրն է եղել ծրագիրը ոչ թե խափուսիկ թվերով համեմելն ու դրանց շնորհիվ այն գայթակղիչ ու համոզիչ դարձնելն, ինչպես անում էին հանրապետականները ժամանակին, այլ հեղափոխության նպատակների հստակ արձանագրումը,  ունեցած տեսլականը մատչելի ու բոլորին հասկանալի լեզվով սևով սպիտակին շարադրելը: Վերջիվեջո ինչպես բացասական պրակտիկան է ապացուցում, թվերի առկայությունը չէ, որ ծրագրերը բովանդակալից են դարձնում, այլ այն ճակատագիրը, որ այս կամ այն  ծրագիրն ունենում է գործնականում: Համաձայնե՛ք, որ ՀՀԿ-ն իր՝ ախորժելի թվերով համեմված ծրագրերը շատ վաղուց է տապալել՝ արժեզրկելով թե՛ իրեն, թե՛ թվերը: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ կրկնել հանրապետականների սխալը… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.