/// Հայաստանի անկման մեխանիկան

Հայաստանի անկման մեխանիկան

Երբ տարիներ առաջ փորձում էին հիմնավորել կամ, ավելի ճիշտ, համոզել երկրի բնակչությանը, թե իբր Հայաստանի տնտեսությունը ծաղկում է ապրում, անմիջապես ի ցույց  էին դնում շինարարության ծավալների մասին պատմող համապատասխան ցուցանիշները: Ճիշտ է` բարձրագոչ այդ թվերի հետևում դժվար էր տեսնել իրական աճ, ժողովրդի կյանքում իրական բարեփոխումներ, բայց գոնե հասարակությունն ինչ-որ բանով մխիթարվելու առիթ, այնուամենայնիվ, ունենում էր:

Պարզվում է` ի տարբերույուն տարիներ առաջվա`այսօրվա քաղաքացին նույնիսկ ինքնախաբեության հաճույքից է զրկվել. շինարարության ծավալների անկումը Հայաստանում ոչ մի կերպ կանգ չի առնում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2017-ի առաջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները նվազել են ավելի քան 13.4%-ով: Այսպիսով` ընդամենը երկու տարվա ընթացքում 4 ամիսների կտրվածքով անկումը մոտ 20% է կազմել:

Ի՞նչ  է սա իրականում նշանակում: Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսական աշխուժության ամենահավաստի ցուցանիշներից մեկն էլ շինարարության  ոլորտում տեղի ունեցող  դրական կամ բացասական զարգացումներն են: Եվ ահա ինչպես պարզվում է համապատասխան ցուցանիշներից, վերջին մի քանի տարիներին, չնայած պարբերաբար հրապարակվող դրական տնտեսական ցուցանիշներին, որոնք իբր ապացուցում են` Հայաստանը զարգացում է ապրում, մեր երկրի տնտեսությունը ոչ միայն շարունակաբար դոփում է տեղում, այլև անկում արձանագրում ու այն էլ ինչպիսի տեմպերով:

Իրականում խնդիրը նաև դեմգրաֆիական աղետալի վիճակով է պայմանավորված. ո՞վ պետք է շենքեր, տներ կառուցի ու փորձի դրանք վաճառել, եթե միայն Երևանի կենտրոնում չբնակեցված 40000 բնակարան ու տուն կա:  Ո՞վ պետք է տուն գնի այն պարագայում, երբ ցածր տոկոսով հիպոթեքային վարկերն այդպես էլ մեզնում մինչև վերջ երազանք են մնում, կամ ո՞վ պետք է գա, վերադառնա Հայաստան ու փորձի այստեղ հիմնվել, երբ ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ ապրուստ հայթայթելու լիարժեք պայմաններ: Եվ վերջապես մարդկանց ձեռքին ուղղակի փող չկա. որքան էլ ցանկանան ինչ-որ բան կառուցել, չունեն դրա հնարավորությունն, ու բացի հաց ու պանիր գնելուց այսօր բնակչության գերակշիռ մեծամասնությունն իրեն ոչինչ ավել չի կարող թույլ տալ:

Հետաքրքրիր է` երբ խոսվում է առաջիկայում տնտեսական աճ ունենալու, առաջընթաց արձնագրելու մասին, երբ խոստումներ են տրվում, ինչ հիքմով է այդ ամենն արվում: Մի՞թե ուղղակի հաճելի տպավորություն գործելու կամ հանրությանը դատարկ տեղը սիրաշահելու մղումից ելնելով են ոմանք կանխատեսումներ կատարում: Որքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, թե երկիրն առաջ է գնում, միևնույնն է, ոչ ոք հիմար չէ ու շատ լավ տեսնում է, թե իրականում ինչ  է չորսբոլորը կատարվում. երկիրը կործանվում է:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-05-24T22:19:09+00:00 Մայիսի 24 22:19|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանի անկման մեխանիկան-ում
//
//