Հայաստանը՝ բարդ երկընտրանքի առաջ

Վերջին շրջանում Հայաստանում հզորացող ռուսական ազդեցությունը կարծես հետզհետե հակազդեցություն է սկսում գտնել Արևմտյան աշխարհում, ու այստեղ խանդով են վերաբերվում այդ խորացող հարաբերություններին: Նկատենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ հռչակվելով հայ-ռուսական հարաբերություններն է՛լ ավելի են խորցման միտումներ դրսևորում, ինչը շատերը հիմնավորապես պայմանավորում են Կարապետյանի՝ ռուսական ազդեցության տակ գտնվող անձ լինելու հանգամանքով: Ինչպես հայտնի է դարձել, ամերիկյան «Washington Examiner»-ում հրապարակված հակահայկական շեշտադրումներով և ադրբեջանական լոբբիի ուղերձներով հոդվածին Արամ Համբարյանի գրած պատասխան հոդվածը նույն ԶԼՄ-ն հրաժարվել է հրապարակել: Թե ինչի արդյունք կարող է լինել հեղինակավոր պարբերականի այս քայլը, որն, ըստ էության, իր խորքում որոշակի հակահայկականություն է պարունակում, այնքան էլ, թերևս, դժվար չէ կռահել: Հավանական է, որ սրանով որոշակի ուղերձ է հղվում Հայաստանին՝ կապված մեր երկրի կողմից վարվող չափից դուրս ռուսամետ քաղաքականության հետ: Հարց է առաջանում՝ ի՞նչ ազդեցություն կամ հետևանքներ կարող է ունենալ այս ժեստը մի պարագայում, երբ Հայաստանի համար հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է լեզու գտնել Արևմուտքի հետ՝ չդառնալու զոհ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ու չվերածվելու մանրադրամի: Անկասկած է, որ եթե Հայաստանում տեղի ունեցածից հետևություններ չանեն, նմանատիպ ուղերձները՝ շատ ավելի սուր շեշտադրումներով,  ժամանակի ընթացքում միայն ավելանալու են: Միակ հետևությունը, որ իշխանությունները պետք է անեն, ըստ էության՝ Արևմուտքի համար Հայաստանում գոնե «մի ոտքի տեղ» թողնելն է: Որքան էլ Հայաստանը փորձի խորացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, չպետք է մոռանալ, որ այսօր աշխարհում  հիմնական եղանակ ստեղծողը Արևմուտքն է, ու եթե մեզ չհաջողվի ընկալելի արտաքին քաղաքականություն վարել, եթե չհաջողվի հավասարակշռված վարք ցուցաբերել, ապա ճնշում կլինի հենց ԱՄՆ կողմից, որը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քան այսօր կարելի է նույնիսկ պատկերացնել: Թե ինչ հետևություններ կարվեն տեղի ունեցածից կամ թե արդյոք ճիշտ կհասկացվի ԱՄՆ մեսիջը՝ Հայաստանին, ցույց կտա թերևս ժամանակը, բայց որ այս ամենը չի կարող անհանգստության տեղիք չտալ, անվիճելի է. Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.