Բաժին : Իրադարձային
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նախնական տեղեկություններով նա անզգուշաբար ընկել է գետը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ընդմիջում անելու նպատակով Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում է «Եդեմ» ռեստորանում, որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջում գնալու նպատակով դուրս է եկել ռեստորանից։
Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է գետը։
Քիչ առաջ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։