Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր

«Ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական բովանդակության զուրկ գործընթաց է նախաձեռնել», - հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ «Ազատության» հետ զրույցում գնահատելով վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունը:

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել են մեր հանրությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրները և ներկայացրել են այդ խնդիրները լուծելու իրենց, այսինքն՝ մեր տեսլականը մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին: Եվ տրամաբանական կլիներ, որ մեր ընդդիմությունը, թեկուզև՝ այստեղ ռեբրենդինգ եղած և կղերականության տեսքով ի հայտ եկած, վերջիվերջո ներկայացներ իր այլընտրանքը: Այլընտրանք այսօր նույնպես, ցավոք, չհնչեց, պաթոսախեղդ հայտարարություններ շատ հնչեցին՝ հայրենիք, Աստված, էլ չգիտեմ թե ինչ, բայց քաղաքական օրակարգ կրկին մեր ժողովրդին չներկայացվեց՝ այլընտրանքային օրակարգ: Հիմա, դե, իհարկե, սպասելի էր, որ միակ բանը, որ կարող է անել այս հերթական շարժումը, դա հրաժարականի պահանջն է, ինչը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ», - ասաց Ջուլհակյանը:

 

Նա հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետին կողմ քվեարկել են ՀՀ 688 հազար մոտավորապես քաղաքացի», և հավելեց, որ «չի կարող մեկ օրանոց, հանրահավաքը, որի համար, ամիսներով ջանք է գործադրվել, որ մարդ հավաքվի, հրաժարական պահանջել»:

 

«Երկրորդը՝ սա հիշեցնում է, գիտեք, մի արդեն ծանոթ պատմություն, որը տեղի է ունեցել նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում, երբ կրկին լեգիտիմ նախագահի հրաժարական պահանջվեց, տեղի ունեցավ հեղաշրջում, և տեսանք, թե ինչպես ավարտվեց, ինչ ողբերգական ավարտ ունեցավ այդ ամենը Լեռնային Ղարաբաղում», - նշեց ՔՊ-ական պատգամավորը՝ շարունակելով. - «Ուզում եմ ասել, որ կայսրության պլանները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ ձախողելու են, օդում հրաժարական պահանջել, և մասնավորապես, ինչպես հասկացա, նաև Ազգային ժողովի միջոցով հրաժարականի հասնել փորձող մեր գործընկերները պարտավոր են նաև ներկայացնել թեկնածու, այսինքն՝ չեն կարող օդում անվստահություն հայտնել պարզապես և չներկայացնել, թե ով է լինելու վարչապետի այլընտրանքային թեկնածուն: Եվ ես ակնկալում եմ, որ մեր ընդդիմությունը վերջապես մեկ միասնական թեկնածուի անուն կտա, թե ով է իրենց առաջնորդը: Եթե իրենց առաջնորդը կղերականության ներկայացուցիչն է, հասկանանք, թե որ ուղղությամբ է մեր ընդդիմությունը ուզում մեր պետությունը տանել: Եթե կրոնապետություն է ցանկանում, խնդրեմ, դա էլ կարող ենք քննարկել»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ «Քաղաքացիական պայմանագրից» միանան այս նախաձեռնությանը, իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Դա նույնիսկ արդեն ծիծաղելի լինելու սահմանն է հատում, իհարկե, բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի»:

Խաղաղ անհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝ այս կրկեսը, մենք քանիցս տեսել ենք, ուժային գործողություն չի կիրառվել, երբ իրապես գործողությունները եղել են խաղաղ, երբ արդեն բոլոր հնարավոր սահմանները հատել են բռնության կոչերի, և նաև ոստիկանության նկատմամբ փորձ արվել բռնություն կիրառել, այդ դեպքում, իհարկե, համապատասխան համաչափ գործողություններ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրականացրել է և այս դեպքում էլ կանի»:

«Բայց ես նորից եմ հիշեցնում, որ բոլոր խաղաղ անհնազանդության ակցիաները մեր ընդդիմությանը միայն խայտառակել են, և նրանք ստիպված են եղել անընդհատ ինչ-որ բան էր հրահրել, որ նրանց նկատմամբ բռնություն կիրառի, որ նրանք, այսպես ասած, երես ունենան հրապարակներից վերադառնալու տուն, բայց այդ բռնությունը նրանց նկատմամբ այդպես էլ չի կիրառվել: Եվ այս դեպքում նույնպես, կրկնում եմ, եթե իրենք օրինականության սահմանները չհատեն, բնականաբար, որևէ բան տեղի չի ունենալու: Հայաստանի Հանրապետության խաղաղ հավաքների ազատությունը պաշտպանված է և շարունակելու է լինել պաշտպանված», - հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.