Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան

Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ սահմանը լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարողանում է կանգնել, այնտեղ էլ սահմանն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:  

 

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր հետքայլ անել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից, սակայն ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածությունը և ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա-Աթայի հռչակագիրը:

 

«Դա ենթադրում է, որ վերականգնվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991 թվականի դրությամբ: Ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել. պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ այն լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,–ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Ըստ Ռուբինյանի՝  խորհրդարանական ընդդիմությունը լծվել է այդ տրամաբանության լեգիտիմացման գործին, ինչը տարօրինակ է: Նա կարծում է, որ երբ ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, նշանակում է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերն ու քարտեզները, այլ շփման գիծը:

«Իսկ շփման գիծն ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը: Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, և լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,–հավելեց Ռուբինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.