Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Միջազգային հայտնի Newsweek պարբերականը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի հեղինակը դոկտոր Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն է՝ Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն իր հոդվածում մասնավորապես նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ամարասի վանքը՝ քրիստոնեության հնագույն կրոնական համալիրներից մեկը և Հայ առաքելական եկեղեցու սրբավայրը գրավվեց Ադրբեջանի կողմից, որի բանակը ներխուժեց Արցախի ինքնակառավարվող հայկական անկլավ, որը լայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ: Հարձակումը խախտեց 2020 թվականի համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որը վերջ դրեց պատերազմին և ստիպեց խուճապի մատված 120,000 հայերին փախչել անկլավից:

 

«Գաղթը, որը վերջ դրեց հայերի գրեթե 4000-ամյա շարունակական ներկայությանը և աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկին զրկեց իր բնօրրանից, վերջին ժամանակների ցեղասպանություններից էր (էթնիկ զտումներից): Ողբերգություն է, որ Օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մեկնարկից 109 տարի անց, մի իրադարձություն, որը նշվում է ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին, հայերը դեռ ենթարկվում են հարձակման: Մենք Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտում, որի առաքելությունն է կանխել նման չարիքի կրկնությունը, սարսափով դիտել ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կանոնավոր վայրագություններ անում հայ զինվորների և նրանց ճիրաններում ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ, այդ թվում՝ գլխատումներ, անդամահատումներ, նվաստացումներ և սեռական բռնություններ, որոնք հաճախ տեսագրվում և տարածվում են սոցիալական ցանցերում»,- գրել է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։

 

Ոճրագործությունները փաստող թղթապանակը, որը կազմվել է Կալիֆորնիայում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից, անցյալ շաբաթ ներկայացվել է Միջազգային քրեական դատարան:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը ես կցանկանայի ընդգծել, որ ցեղասպանական վարչակարգերն իրենց չարիքն իրականացնում են բազմաթիվ ձևերով, և դրանցից մեկը ժողովրդի մշակույթը ոչնչացնելու ջանքերն են: Արցախահայության մարդկային դժբախտությունն Ադրբեջանի հանցագործությունների ամենասրտաճմլիկ կողմն է։ Ադրբեջանը փորձում է նաև ջնջել և վերաշարադրել հայ քրիստոնեական պատմությունը: Եվ չնայած մշակութային ջնջումը և ցեղասպանությունը տարբեր հասկացություններ են, մշակութային ջնջումը կարող է լինել ցեղասպանության բաղադրիչ կամ նախադրյալ որոշակի համատեքստերում»,- նշել է դոկտոր Ջոեդեն-Ֆորջեյը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.