Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:

 

Վահագն Խաչատուրյանը նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Շնորհակալություն շնորհավորանքի համար:

 

Տարիքը միշտ պետք է գնահատել երևի հենց այդ տարվա հետ կապված, կապ չունի 65 կլինես կամ 60: Ամեն մեկն իր դերն ու տեղն ունի: Եվ հիմա՝ այս տարիքում, ես զգացված եմ, որ  հնարավորություն ունեմ Ձեր, Կառավարության, Ազգային ժողովի հետ միասին  մեր պետության համար այսպիսի կարևոր որոշումներ ընդունելու:

 

Ուզում եմ նաև իմ հանդիպումների,  տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև  մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր:

Եվ վստահ եղեք, որ այն աշխատանքը, որ կատարում եք Դուք, Կառավարությունը և այն մարդիկ, ովքեր անձամբ այսօր, այս պահին զբաղված են նաև այդ աշխատանքով, գնահատված է, գնահատվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում:

Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն: Խոսքս ուղղում եմ Ձեզ, որպեսզի շարունակեք այդ հնարավորությունն իրականություն դարձնել: Դա իրականություն դարձնելն արդեն կախված է մեզնից, կոնկրետ՝ Ձեզնից, իշխանությունից, ինձնից՝ որպես ՀՀ նախագահ, և մեր քաղաքացիներից: Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝  հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ  որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:

Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք:  Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.