Քաղաքի համար 1 արտադրական փողոցն է Արին Բերդը, խայտառակ փոշի է, ամբողջը` քանդված. ակցիայի մասնակից

Քաղաքի համար 1 արտադրական փողոցն է Արին Բերդը, խայտառակ փոշի է, ամբողջը` քանդված: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասացին ակցիային մասնակից քաղաքացիները:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Արին Բերդ փողոցի անբարեկարգ վիճակի համար: Նրանք նշում են, որ բազմաթիվ գործարաններ կան, 100-ից ավելի տնտեսվարողներ կան փողոցում և նույնիսկ մաքսատունն է այնտեղ:
«Դրսից եկող մեքենաները պարսկական, ռուսական բեռնատարները գալիս են այստեղ, այս ճանապարհը մեր դեմքն է, մենք մեր դեմքն ենք ցույց տալիս»,- նշեցին քաղաքացիները:
Նրանք նշեցին, որ խնդրի վերաբերյալ դիմել են քաղաքապետարան, նաև վարչապետին, բայց առ այսօր պատասխան չունեն: Նրանք տեղեկացրեցին, որ ճանապարհային վատ պայմանների պատճառով դուրս են գալիս:
«Մարդիկ բեռնատարով 10,000 կմ ճանապարհն անցնում են, հասնում այստեղ, 2 ժամ է տևում այս մեկ կմ-ն մինչև հասնեն մաքսատուն»,- ասացին նրանք:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետարանից նշել են, նախատեսվում է իրականացնել հիմնանորոգում և կիրականացվի փոսալցման աշխատանքներ, նրանք ասացին «Հուսանք կանեն, իսկ եթե ոչ, պետք լինի, օրենքով նախատեսված բոլոր քայլերին կդիմենք՝ ընդհուպ մինչև կառավարության շենքի մոտ ակցիա կիրկանացնենք: Վերջին հաշվով, սա անձնավորված կամ քաղաքական խնդիր չէ: Սա ընդամենը մեր քաղաքի մի փողոցի մասին է, որն ունի տնտեսական նշանակություն և նորմալ ճանապարհը նաև Երևանին է պետք, Երևանի քաղաքապետարանին է պետք, երևանցուն է պետք, հայաստանցուն և հային է պետք»։