Մերձավանի համայնքապետը միջադեպին ներկա է եղել անհաջող պատահականության արդյունքում, նա տուժող է. Դավիթ Խուդաթյան

Մերձավան համայնքի ղեկավարը համայնքում տեղի ունեցած կրակոցների դեպքով տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ կամ մորաքրոջ տղան, ինքն էլ միջադեպին չի մասնակցել իմիջիայլոց: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա շեշտեց, որ Փարաքարի դեպքն ընտրական գործընթացների հետ ընդհանրապես կապված չէ։
Դիտարկմանը՝ ՔՊ-ն իշխանափոխությունից առաջ այլ արժեքներ էր դավանում՝ հիմա չի հաշտվում ՏԻՄ-երում իր պարտության հետ ու խլում է իշխանությունը հաղթած ուժերից ինչպես Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, Խուդաթյանն ասաց, որ Գյումրիի միջադեպն ամբողջությամբ այլ մեկնաբանություն ունի։
«Իմ տպավորությունն այնպիսին են, որ քաղաքային իշխանությունը հրաժարվեց իրականացնել իր գործառույթները։ Գյումրիում և հանրապետության այլ համայնքներում սկսվել է պրոցես, որտեղ համայնքային հողատարածքները, որոնք օրենքի խախտմամբ են օտարվել՝ վերադարձվում են համայնքին։ Սա ապօրինի օտարված գույքը հետ վերադարձնելուն միտված քայլ էր։ Գյումրիում ԺՊ-ի նշանակմամբ անիշխանության վիճակը հանգուցալուծվել է և առաջիկա ՏԻՄ ընտրություններն ամբողջությամբ կհանգուցալուծի Գյումրիի շուրջ իրավիճակը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Փարաքարին, Խուդաթյանը նշեց, որ Փարաքարի մասով ունենք ամբողջությամբ այլ պատկեր:
«Մենք պատասխանատվություն ենք կրում այն միջադեպերի համար, որում հայտնվում են մեր գործընկերները։ Փարաքարում ընտրությունները նշանակվել են հենց այս տրամաբանությամբ, որովհետև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իրավիճակի բերում հայտնվել է մի իրավիճակում, որ հանցագործություն է տեղի ունեցել ու դրա հետ կապված ինքը քաղաքական պատասխանատվություն էր ստանձնել ու հրաժարական տվել։ Սա ցույց է տալիս, որ մեր համայնքի ղեկավարները կառչած չեն աթոռից, թեև արդեն ապացուցված է, որ միջադեպն իր մասնակցությամբ չի եղել ու ինքը սպանության պրոցեսին ներկա է եղել անհաջող պատահականության արդյունքում»,- նշեց նա։