Հակասանիտարական վիճակ՝ Փարաքարում. բնակիչները բողոքում են համայնքապետարանից ու «Վեոլիա ջրից»

Տևական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցում տիրում է գարշահոտություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 տարուց ավելի է՝ կեղտաջրերը դուրս են գալիս և ողողում են ողջ փողոցը՝ լցվելով անգամ բնակիչների տներ:
Բնակիչների խոսքով.
«2 տարի է՝ Արմավիրի մարզպետարանը, Փարաքարի համայնքապետարանը, «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել, չեն փորձում կամ չեն էլ ցանկանում այս հակասանիտարական վիճակը վերացնել:
1-2 անգամ խնդիրը փորձել է լուծել Փարաքարի նախկին համայնքապետերից Դավիթ Մինասյանը, բայց խնդիրը պետք է լուծվի հիմնովին, ու դա, մեր կարծիքով, «Վեոլիա ջրի» խնդիրն է»:
«Ամոթն էլ է լավ բան, ով է տեսել՝ 21-րդ դարում 2 տարուց ավելի նման հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ, ասում են՝ պայքարում ենք վարակի դեմ, բա սրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները մատը մատին տան ու խնդիրը լուծեն, ամոթ է՝ ամեն անգամ էս պատկերը տեսնելիս էդ պատասխանատուներին եթե նախկինում հայհոյում էինք, հիմա անիծում ենք»,- նշել են նրանք: