««Կրուտիտների» տպավորություն որ չլինի, լսե՛ք ձայնագրությունը», «Վերնագրի համար ասացի՞ք դա». Ռոբերտ Քոչարյանին դատավորը նախազգուշացում տվեց

mixcollage-25-feb-2025-04-37-pm-6299-770x_

Ես ուղղակի ստիպված պետք է հիշեցնեմ դատարանին, նույնիսկ ես այդ ժամանակ ասացի՝ եթե չփոխի իր որակումը, ես ընդհանրապես կամ պիտի գնամ, կամ պիտի նստեմ, Դուք ասացիք՝ Ձեր իրավունքն է, գնում եք, թե նստում եք դահլիճում, ես տեղափոխվեցի և նստեցի դահլիճի վերջում։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավորին:

«Որ, ժողովրդի լեզվով ասած՝ կրուտիտների տպավորություն չստեղծվի, կառաջարկեի նստենք դատարանի վերջում, այդ հատվածն էլ ձայնագրված է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան դատավորը հավելեց. «Ռոբերտ Քոչարյան, Ձեզ նախազգուշացնում եմ, ինչպես նաև հորդորում եմ՝ դատավարությունը հայերեն լեզվով է, Ձեր ասած «կրուտիտ» բառի հայերեն տարբերակով համարժեք բառ գտեք և եթե դրանով դատավարության որևէ մասնակցի չեք վիրավորի, կխնդրեմ հրապարակեք այդ բառի համարժեք տարբերակը»,- ասաց նա:

Քոչարյանը պդնեց, որ նախորդ նիստի ձայնագրությունը լսեն, որ հասկանալի լինի՝  տերմինը կիրառել է դատավորը, թե չի կիրառել:

«Ձեզ դատարանը դիմել է Ռոբերտ Քոչարյանով և դիմել է  մեղադրյալ Քոչարյան տարբերակներով»,- արձագանքեց դատարանը:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատավորից ճշտեց՝ արդյոք նախազգուշացում հայտարարվեց Քոչարյանի նկատմամբ, ինչին ի պատասխան դատավորն ասաց՝ այո:

«Այն հիմքով, որ դատավարության ընթացքում չի կարելի այնպիսի տերմիններ օգտագործել, որով վիրավորանք կհասցվի դատավարության որևէ մասնակցի՝ այդ թվում դատարանի նկատմամբ», – ասաց դատավորը:

Վարդևանյանն էլ հակադարձեց, թե չի նկատել, որ դա որևէ մեկին հասցեագրված տերմին էր կամ որևէ ձևով վիրավորական է:

«Ում էր ուղղված այդ «կրուտիտ» բառը»,- հարցրեց դատավորը:

«Ես ասել եմ՝ տպավորություն չստեղծվի, որ կրուտիտներ են անում, դա Ձեր վրա՞ եք վերցրել, մենք մեղք չունենք», արձագանքեց երկրորդ նախագահը:

Դատավորն էլ նկատեց. «Այսինքն ամեն մեկս մի բան ասենք և պատասխանատվություն չկրե՞նք մեր ասածների համար: Ի՞նչ է նշանակում, որևէ մեկին չէր վերաբերվում, վերնագրի համար ասացի՞ք, ինչ-որ մեկին վերաբերում էր չէ՞»:

Քոչարյանի պաշտպաններից Վարդևանյանն էլ ի պատասխան նշեց.  «Եթե, օրինակ, ինչ-որ արտահայտություն օգտագործենք, որ ուղղված լինի պարոն Հովհաննիսյանին,  կամ հակառակն՝ իր կողմից օգտագործվի ինձ ուղիղ հասցեագրված, այդ ժամանակ դատարանի արձագանքը կլինի հավուր պատշաճի։ Այս դեպքում ես ուղղակի չհասկացա՝ ինչի մենք արդեն հասանք նախազգուշացման։ Ես այդ իմաստով առարկում եմ նախագահողի գործողությունների դեմ»: