Ադրբեջանի սահմանադրությունում կան դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ ՀՀ–ի նկատմամբ. ԱԳ փոխնախարար

486527602-1058639426293554-4034668703777909477-n-770x_

Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաև երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների ավարտը և կոչ անելով շուտափույթ ստորագրել և վավերացնել այն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ ԵԱՀԿ, հատկապես այս կարևոր առիթով՝ տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը համաձայնեցվել է, և Համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են:

Երեք տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025թ. մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է Համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին:

Փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է և հանգրվան, որը որոշիչ դեր է խաղում տասնամյակներ շարունակվող հակամարտությունում՝ պատմական հնարավորություն ընձեռելով ճանապարհ հարթելու տարածաշրջանային խաղաղության համար: Ավելորդ է ասել, որ այս գործընթացը պահանջել է խաղաղության օրակարգին անկեղծ հանձնառություն, անխոնջ ջանքեր և ռազմավարական համբերություն՝ գտնելու մի շարք զգայուն խնդիրների լուծումներ և հաղթահարելու սկզբնական տարբերությունները: Այսպիսով, այս բոլոր ջանքերի արդյունքում մենք վերջնականացրել ենք տեքստի նախագիծը և այժմ պատրաստ ենք քննարկումներ սկսել պաշտոնական ստորագրման ժամկետները և վայրը որոշելու համար: 2025թ. մարտի 20-ին Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանի նախագահին համատեղ քննարկումներ սկսել Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մեր մի շարք միջազգային գործընկերներ ողջունել են այս դրական զարգացումները և քաջարելել են կողմերին շարունակել կառուցողական ներգրավվածությունը՝ ուղղված Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության օրակարգի այլ ուղղություններով դրական արդյունքների գրանցմանը: Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտիքը հայտնել այն բոլոր պետություններին, ներառյալ՝ այս սեղանի շուրջ գտնվող, որոնք անկեղծորեն աջակցել են բանակցություններին, հյուրընկալել են քննարկումները, ողջունել են Համաձայնագրի վերջնականացումը, իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ և շարունակում են հաստատկամորեն սատարել տևական խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում:

Ձերդ գերազանցություններ,

Ի զարմանս մեզ, Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և՛ հիասթափեցնող են, և՛ տագնապալի: Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը, ընդունելով Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը, միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ:

Հայաստանը մշտապես հայտարարել է, որ տասնամյակներ տևած թշնամանքի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները մեկ համաձայնագրով լուծելն անհնար է: Դա ակնհայտ է: Այնուամենայնիվ, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կստեղծի նպաստավոր միջավայր և ճանապարհ կհարթի բոլոր չլուծված հարցերի հասցեագրման և կարգավորման համար:

Որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց՝ Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը: Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում՝ պնդելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է արված մեր Սահմանադրության նախաբանում, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է ներառում:

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը. մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը: Սակայն, անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի և իրավական ավարտին: Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել: Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, ապա ցանկանում եմ տեղեկացնել մասնակից պետություններին, որ 2024թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման շրջանակներում, ընդունել է որոշում՝ հաստատելով, որ Կանոնակարգը, ներառյալ՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ լուծարման պահին գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որը նաև արտացոլված է Համաձայնագրում, ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, և Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամաբ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին նույնպես Համաձայնագրի ստորագրումն է:

Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք ուղիղ արտացոլված են Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդվածներում, մինչդեռ Հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն Սահմանադրության հոդվածներում, չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ:

Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։

Իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում։

Հետևաբար, Խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելուց, Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց և վավերացվելուց հետո, կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։

Այս առումով, ցանկացած այլ հարցի առաջ քաշումը՝ որպես փաստաթղթի ստորագրման նախապայման, նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում»։