Թրամփը հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները․ CNN

Թրամփը հրահանգել է դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է իր բարձրագույն բանագնացներին դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները։ Այս մասին, աղբյուրին հղումով, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգտոնը փոխել է իր ռազմավարությունը․ «Իրանին հնարավորինս արագ ջախջախելու» ծրագրի փոխարեն ԱՄՆ-ն անցնում է «աստիճանաբար խեղդելու» քաղաքականության։

CNN-ը նշում է, որ ճնշումն ուժեղացնելու նպատակով Սպիտակ տունը պատրաստվում է սահմանել «ջախջախիչ նոր պատժամիջոցներ»։ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ տնտեսական սահմանափակումներն ու իրանական նավահանգիստների շրջափակումը Թեհրանին կստիպեն համաձայնության գալ ամերիկյան պայմաններով։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ բանակցություն կամ քննարկում չի իրականացվում և չի նախատեսվում։ Ծովային շրջափակումը շարունակում է ամբողջությամբ գործել։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է»,— գրել էր նա Truth Social-ում։

CNN-ի փոխանցմամբ՝ շփումները դադարեցնելու հրահանգը վերաբերում է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ինչպես նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բանակցությունների դադարի պատճառը Սպիտակ տան դժգոհությունն է Իրանի՝ զիջումների գնալու պատրաստակամության բացակայությունից, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարման վերաբերյալ գործարքը, որը Թեհրանը քննարկում է Օմանի հետ։

Աղբյուր՝ 24News.am