Թիմը կանոն ունի․ ինչպես այն չվերածել անհատների հավաքածուի

Թիմը կանոն ունի․ ինչպես այն չվերածել անհատների հավաքածուի

 Քաղաքական թիմերի մասին խոսելիս հաճախ ուշադրությունը կենտրոնանում է ոչ թե թիմի ներսում գործող կանոնների, այլ կոնկրետ մարդկանց հայտարարությունների ու քայլերի բովանդակության վրա։ «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր Էդգար Ղազարյանի վերջին հրապարակային դիրքորոշման շուրջ քննարկումն էլ կարելի է դիտարկել այդ տրամաբանությամբ՝ փորձելով պարզել՝ նրա քննադատությունը քաղաքականապես հիմնավորվա՞ծ էր, ճի՞շտ էր, թե՞ սխալ։

Սակայն, այստեղ ավելի կարևոր մեկ այլ հարց կա։ Քաղաքական թիմը կարո՞ղ է գոյություն ունենալ առանց ընդհանուր կանոնների, փոխադարձ պարտավորությունների և որոշակի կարգապահության։

Եթե մարդը մտնում է քաղաքական թիմ, ընդունում է այդ թիմի ընդհանուր քաղաքականությունը, որոշումները և խաղի կանոնները, ապա բնական է նաև, որ թիմի ներսում պետք է սահմանված լինեն անհամաձայնության և սեփական տեսակետն արտահայտելու ձևերն ու սահմանները։ Հակառակ դեպքում քաղաքական թիմը շատ արագ վերածվում է անհատների հավաքածուի, որտեղ յուրաքանչյուրն առաջնորդվում է իր պատկերացումներով և սեփական կանոններով։

Իհարկե, Ղազարյանի ասածի բովանդակությունը կարելի է և պետք է քննարկել։ Կարելի է համաձայնել նրա քննադատությանը կամ չհամաձայնել, համարել այն հիմնավորված կամ չհիմնավորված, ժամանակին կամ անժամանակ։ Բայց դրանից առանձին հարց է՝ արդյո՞ք թիմի անդամը կարող է հրապարակայնորեն հակադրվել թիմի ընդհանուր պայմանավորվածությանը և միաժամանակ ակնկալել, որ այդ քայլը որևէ հետևանք չի ունենա։

Թիմային քաղաքականության իմաստն այն չէ, որ բոլորը միշտ և ամեն հարցում նույն կարծիքն ունենան։ Ընդհակառակը՝ առողջ քաղաքական թիմում անհամաձայնությունը կարող է լինել բնական և նույնիսկ անհրաժեշտ։ Բայց անհամաձայնության և թիմային որոշումը հրապարակայնորեն չեղարկելու միջև տարբերություն կա։ Եթե ընդհանուր որոշում ընդունելուց հետո յուրաքանչյուր անդամ իրավունք է վերապահում իրեն գործել սեփական քաղաքական օրակարգով, ապա արդեն դժվար է խոսել միասնական քաղաքական թիմի մասին։

Այստեղ էլ առաջանում է երկրորդ՝ ոչ պակաս կարևոր խնդիրը։ Թիմի անդամի անհատական քաղաքական քայլի հետևանքները կարող են տեղափոխվել թիմի ղեկավարի վրա։ Այս պարագայում Նարեկ Կարապետյանի։

Երբ թիմի անդամը հրապարակային կերպով հակադրվում է ընդհանուր դիրքորոշմանը, իսկ հետո ակնկալում է, որ թիմի ղեկավարը պետք է անպայման իրեն պաշտպանի, ղեկավարը հայտնվում է բավական անհարմար իրավիճակում։ Նա ունի երկու տարբերակ․ կամ պաշտպանում է թիմի անդամին՝ դրանով փաստացի թուլացնելով իր իսկ սահմանած խաղի կանոնը, կամ պաշտպանում է թիմային կանոնը՝ դառնալով քննադատության թիրախ այն բանի համար, որ «իր մարդուն չպաշտպանեց», «սկզբունքային չեղավ» կամ «թիմակցին մենակ թողեց»։

Ստացվում է բավական տարօրինակ իրավիճակ․ մեկ մարդու անհատական քաղաքական որոշման պատասխանատվությունը փորձում են տեղափոխել թիմի ղեկավարի վրա։

Բայց եթե թիմի անդամը գիտակցաբար ընտրում է սեփական քաղաքական ճանապարհը, ապա պետք է նաև պատրաստ լինի այդ ընտրության քաղաքական հետևանքներին։ Չի կարող միաժամանակ գործել որպես ինքնուրույն քաղաքական դերակատար և պահանջել, որ իր գործողությունների համար պատասխանատվությունը կրի թիմի ղեկավարը։

Այստեղ, հետևաբար, հարցը ոչ այնքան այն է, թե Ղազարյանը ճիշտ էր, թե սխալ։ Հարցն ավելի սկզբունքային է՝ ի՞նչ է նշանակում լինել քաղաքական թիմի անդամ։ Իսկ մեր երկորւմ մենք սա միշտ մոռանում ենք, դրա համար ստացվում է այնպես, ինչպես կա։ Մենք մոռանում ենք պատասխանատվության մասին։

Եթե թիմը ունի ընդհանուր քաղաքականություն, ապա այդ քաղաքականությունը պետք է ինչ-որ նշանակություն ունենա։ Եթե կան պայմանավորվածություններ, դրանք պետք է գործեն ոչ միայն այն ժամանակ, երբ բոլորի համար հարմար է։ Իսկ եթե կանոնները գործում են ընտրողաբար՝ մեկի համար պարտադիր են, մյուսի համար՝ ոչ, ապա թիմային կարգապահության մասին խոսելը կորցնում է իր իմաստը։

Քաղաքական թիմը հենց համաձայնության պահին չէ, որ փորձություն է անցնում։ Այն փորձության է ենթարկվում անհամաձայնության պահին։ Երբ անդամը համաձայն չէ, երբ նրա անձնական դիրքորոշումը հակասում է ընդհանուր քաղաքական գծին, հենց այդ պահին է պարզ դառնում՝ կա՞ արդյոք իրական թիմ, թե՞ պարզապես նույն հարթակում հայտնված անհատների խումբ։

Ուստի Ղազարյանի պատմության շուրջ ամենակարևոր քննարկումը, թերևս, նրա հայտարարության բովանդակությունից էլ առաջ մեկ այլ հարցի պատասխանն է պահանջում․ եթե քաղաքական թիմի անդամը ինքն է դուրս գալիս թիմի պայմանավորված խաղի կանոններից, ինչո՞ւ դրա քաղաքական և կազմակերպական հետևանքների պատասխանատվությունը պետք է կրի թիմի ղեկավարը։

Թիմային քաղաքականությունը չի նշանակում, որ անդամները զրկվում են սեփական կարծիքից։ Բայց սեփական կարծիքն ունենալը և սեփական կանոններով քաղաքականություն վարելը նույն բանը չեն։ Եթե մարդը ցանկանում է մշտապես գործել միայն իր քաղաքական պատկերացումներով, դա նույնպես իր իրավունքն է։ Պարզապես այդ դեպքում պետք է անկեղծորեն պատասխանել մեկ այլ հարցի՝ եթե դու չես ընդունում թիմի խաղի կանոնները, ինչո՞ւ ես մտել այդ թիմ և ինչու՞ ես շարունակում խաղալ այդ թիմում։ Յուրաքանչյուրս, այդ թվում պարոն Ղազարյանը, կարող են գործել սեփական խաղի կանոներով բայց դրա համար պետք չի լինել որևէ մեկի թիմի անդամ, այլ լինել ազատ և անհատ։

Աղբյուր՝ Hayastan.news