Ստուբը Financial Times-ին մեղադրել է Պուտինի հետ զրույցի բովանդակությունն աղավաղելու մեջ և պահանջել ուղղումներ կատարել․ թերթը հրաժարվել է

Դիվանագիտություն15:49 | հոկտեմբերի 29, 2026Ստուբը Financial Times-ին մեղադրել է Պուտինի հետ զրույցի բովանդակությունն աղավաղելու մեջ և պահանջել ուղղումներ կատարել․ թերթը հրաժարվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հերքել է Financial Times-ի այն տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմի մասին հեռախոսազրույցի ընթացքում իր և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի համար դասախոսություն է կարդացել միջնադարյան սլավոնների մասին։ «Դա ճիշտ չէ։ Մենք խնդրել ենք Financial Times-ին ուղղումներ կատարել, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը», — TV2 հեռուստաալիքին ասել է Ստյորեն։
Նրա խոսքով՝ Պուտինը ներկայացրել է իրավիճակի իր տեսլականը՝ անդրադառնալով 2014 թվականին Ղրիմի բռնակցումից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։ Ստյորեն հերքել է նաև այն պնդումը, թե Ռուսաստանի նախագահը մյուսներից ավելի երկար է խոսել։ Նորվեգիայի վարչապետի փոխանցմամբ՝ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի մասնակիցների խոսելու ժամանակը բաշխվել է մոտավորապես հավասարաչափ։
Պուտինի, Ստուբի և Ստյորեի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Financial Times-ը, վկայակոչելով զրույցի բովանդակությանը ծանոթ երեք աղբյուրների, գրել է, որ Ռուսաստանի նախագահը, Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիները քննարկելու փոխարեն, երկարաշունչ ելույթ է ունեցել այսպես կոչված «հակամարտության սկզբնապատճառների» մասին՝ անդրադառնալով սլավոնների միջնադարյան պատմությանը։ Պարբերականի տվյալներով՝ Ստուբն ու Ստյորեն չեն ընդհատել Պուտինին՝ փորձելով հասկանալ, թե որքանով է նա պատրաստ Եվրոպայի հետ երկխոսության։
Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչը VG-ին տված մեկնաբանությունում հաստատել է, որ Ֆինլանդիան նույնպես խնդրել է Financial Times-ին ուղղել հոդվածը։ Նրա խոսքով՝ Պուտինը խոսել է 2014 թվականից ի վեր ստեղծված իրավիճակի մասին։ Թերթը հրաժարվել է փոփոխություններ կատարել՝ հայտարարելով, որ «վստահ է լրագրողական աշխատանքի հավաստիության հարցում»։
Կրեմլին մոտ կանգնած՝ Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ զրույցում Պուտինը հայտարարել է իր դիրքորոշման անփոփոխ լինելու մասին։ Այն ենթադրում է ամբողջ Դոնբասի հանձնումը, որը ռուսական բանակն այդպես էլ չի կարողացել ամբողջությամբ գրավել լայնածավալ պատերազմի գրեթե հինգ տարիների ընթացքում։ Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ Ստուբն ու Ստյորեն պատասխանել են, որ Ուկրաինայում անհրաժեշտ է «արդար» խաղաղություն։ Կրեմլը հրապարակավ հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներին մեղադրել է «առճակատման քաղաքականության» և պատերազմը «ձգձգելու» մեջ։
Եթե Ստուբն ու Ստյորեն կրկին ցանկանան զանգահարել Պուտինին, «նա միշտ կպատասխանի զանգին», ավելի ուշ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Սա վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ղեկավարի առաջին հեռախոսազրույցն էր եվրոպացի առաջնորդների հետ։ Մինչ այդ՝ 2025 թվականի հուլիսին, Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն այդ բանակցություններն ավարտվել էին անարդյունք։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
