Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա

Ռուսական բանակը հարվածել է Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրի կենտրոնին, հայտարարել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Խոսքը «Սոլնեչնայա Գալերեյա» առևտրի կենտրոնի մասին է։ Հարվածից հետո այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։
Ռուսական հարձակման հետևանքով 6 մարդ զոհվել է, 103-ը՝ վիրավորվել։
Վիրավորներից 27-ը, այդ թվում՝ երեք երեխա, ծանր վիճակում են։ Ընդհանուր առմամբ տուժածների թվում կա 11 երեխա։
«Նման հարվածները պարզապես ահաբեկչություն են»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ «Սոլնեչնայա Գալերեյա»-ն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման երկու ալիքով։ Առաջին հարվածից և հրդեհի բռնկումից մոտ կես ժամ անց, ըստ Զելենսկու, կրկնակի հարված է հասցվել փրկարար ծառայությունների ուղղությամբ։
Ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը պնդել է, թե «Սոլնեչնայա Գալերեյա»-ի պահեստներն օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։
Ուկրաինան, իր հերթին, նման պատճառաբանություն էր ներկայացրել Wildberries առցանց առևտրի հարթակի պահեստներին հարվածելու ժամանակ՝ պնդելով, որ այնտեղ պահվում էին անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ։
Աղբյուր՝ 24News.am
