ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդականը պաշտոնից հեռացել է՝ Ադրբեջանի հետ կապված սկանդալից հետո

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը որոշել է լքել պաշտոնը այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՆԳՆ-ն նրան հայտարարել է հետախուզման մեջ։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։
«Ես ճիշտ չեմ համարում, երբ որևէ մեկի անձնական փորձագիտական դիրքորոշումը կամ հրապարակային հայտարարությունները ազդում են միջպետական փոխգործակցության վրա և խոչընդոտներ ստեղծում պետությունների համատեղ աշխատանքի համար»,- նշել է Չադաևը։
Նախկին խորհրդականն ընդգծել է, որ ինքը ընդամենը արտահայտել է անձնական փորձագիտական կարծիք՝ նշելով, որ խորապես զբաղվում է անօդաչու թռչող սարքերի, տեխնոլոգիական ինքնիշխանության և դրանց առնչվող քաղաքական գործընթացների թեմաներով։ Նա հավելել է, որ ներկայում ՌԴ տրանսպորտի նախարարությունը զարգացնում է «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը, որի ծրագիրն իրականացվում է նաև Ադրբեջանում։
Չադաևը նշել է, որ շարունակելու է աշխատել նույն ուղղությամբ։
Օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևին, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովին և «Մոսկվա 24» հեռուստաալիքի նախկին հաղորդավար Իվան Կնյազևին հայտարարել է հետախուզման մեջ։ Նրանց մեղադրում են ահաբեկչության կոչերի, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և ազգային ատելություն հրահրելու մեջ։
Աղբյուր՝ 24News.am
