150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ
«Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն ռազմարդյունաբերական ընկերության միղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված 2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և ընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։
Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց խմբագրական միջամտության։

«Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։
2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։
Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։
Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։
Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով:
Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝ ընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։
Մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ։
