Հարևանների հետ առևտրի թիրախները. 2018-ից կրկնվող խոստումներն ու իրական պատկերը. Civilnet

image2-11-1536x864-1772027171638-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր տարիների հայտարարել է Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելացնելու նպատակի մասին։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարություններն ու փաստացի արդյունքները լիովին չեն համընկնում։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ հստակ խնդիր է ձևակերպվել «առաջիկա տարիներին» Վրաստանի հետ փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի։

«Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասել էր վարչապետը։

Տարիներ անց՝ 2021-ի դեկտեմբերին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը Փաշինանը կրկին հայտարարել էր, որ երկու երկրները կձգտեն մինչև 2026-ը երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

Վրաստան. վերաարտահանման գործոնն ու ցուցանիշների փաստացի անկումը

2024-ի հունվարին Վրաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ տարվա՝ 2023-ի երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ հույս հայտնելով, որ դրական դինամիկան կպահպանվի։

Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշը ձևավորվել է տարբեր հաշվարկային մեթոդաբանությունների կիրառմամբ։

Առևտրաշրջանառությունը հաշվարկվում է արտահանման և ներմուծման տվյալների հիման վրա։ Ներմուծման տվյալները ներկայացվում են երկու եղանակով՝ ըստ ապրանքի ծագման երկրի (որտեղ ապրանքն արտադրվել է) և ըստ արտահանող երկրի (որտեղից ապրանքն արտահանվել է)։

2023 թվականին Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը «ըստ արտահանող երկրի» մեթոդաբանության իսկապես գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Սակայն այդ աճի մեջ էական դեր են ունեցել դեպի Ռուսաստան ուղղված վերաարտահանման գործարքները, մասնավորապես՝ ավտոմեքենաների առևտուրը, որը կտրուկ աճել էր 2022-ից հետո։

Երկկողմ առևտրաշրջանառության կառուցվածքը առավել ամբողջական գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել ներմուծման տվյալները «ըստ ապրանքի ծագման երկրի» մեթոդաբանությամբ, որը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում։ Այդ հաշվարկով 2023 թվականին Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 262.4 մլն դոլար։

2025-ի տարեկան տվյալները, սակայն, փաստում են նվազման միտումը։ Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը «ըստ ծագման երկրի» մեթոդաբանությամբ կազմել է 279.4 միլիոն դոլար, իսկ «ըստ արտահանող երկրի»՝ 907.2 մլն դոլար։ 2024-ի համեմատ առևտրի ծավալները փաստացի նվազել են 4%-ով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: