«Առաջարկ Հայաստանին» ծրագրի անունից Գագիկ Ծառուկյանն այսօր շրջանառության մեջ դրեց «երաշխավորված խաղաղության» գաղափարը․ սա իրական ժողովրդավարության երաշխիքն է․ Նարինե Դիլբարյան

3-770x-1772031735400-770x_

Նախընտրական պայքարը փաստացի արդեն մեկնարկում է՝ ընտրողների սրտերի և մտքերի համար պետք է ողջամիտ և, ամենակարևորը, ազնիվ գաղափարների վրա հենված ծրագրեր և օրակարգեր ասպարեզ բերել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։

«Իշխանություն շարունակում է խաղարկել խաղաղության իր թվացյալ մենաշնորհը՝ «Նիկոլ Փաշինյանն իր թիմով խաղաղության երաշխավոր աղավնին են, ընդդիմությունը՝ խաղաղության արգելակ բազեներ»։ Նվազագույնը կեղծ պնդում է։

Պարտությամբ ավարտված պատերազմների մեջ խրված քաղաքական ուժն ի վիճակի չէ վստահելի խաղաղություն բերել և հուսալի խաղաղարար լինել։ Միանշանակ ամրագրենք՝ Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք մեր պետության և ժողովրդի համար պատերազմ են ցանկանում։ Բայց կան ուժեր, որոնք խաղաղություն ասելով՝ կայուն, տևական անվտանգության և ազգային շահերի պաշտպանություն են հասկանում։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի անունից Գագիկ Ծառուկյանն այսօր շրջանառության մեջ դրեց «երաշխավորված խաղաղության» գաղափարը, որով թիմը գնալու է ընտրությունների՝ հակադրվելով «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզանից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» իրավիճակին, որտեղ մենք գտնվում ենք արդեն տևական ժամանակ։ Շատ կարևոր շեշտադրում և նպատակ է, որը կարող է հնարավոր դարձնել միջազգային քաղաքական, իրավական պայմանավորվածություններով կնքված, մշտադիտարակվող, չափելի և վերահսկելի խաղաղություն ապահովել մեր սահմաններին և ոչ թե ազգային արժանապատվության և կենսական շահերի ոտնահարմամբ ու նվաստացմամբ ուղեկցվող ժամանակավոր հրադադար։

Երաշխավորված խաղաղությունը նշանակում է իրական դաշնակիցների և գործընկերների հետ ամենօրյա աշխատանք, կայուն դիրքորոշում՝ ի հակառակ կտրուկ շրջադարձերի, մի դաշնակցից ի շահ մյուսի հապճեպ հայտարարությունների։ Միայն այս կերպ հնարավոր կլինի երաշխավորել տնտեսության կայուն զարգացումը, սոցիալական խնդիրների լուծումը, աշխատատեղերը, աճող արտահանումն ու արտաքին պարտքի նվազեցումը։

Երաշխավորված խաղաղությունը նաև իրական ժողովրդավարության երաշխիքն է և ընտրողներին դեպի ընտրատեղամասեր տանող վստահություն։ Հայաստանը պետք է ընթանա այս ճանապարհով։ Այլընտրանք չկա»,-գրել է նա։