Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։
Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկեց տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։
ԱՄՆ առաջարկին դեմ քվեարկեց 69 երկիր, 11-ը՝ կողմ, իսկ 62-ը՝ ձեռնպահ։
Ի վերջո, բանաձևն ընդունվեց առանց ԱՄՆ-ի կողմից առաջարկված փոփոխության. 107 երկիր կողմ քվեարկեց, 12-ը՝ դեմ, իսկ 51-ը՝ ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։
Դեմ քվեարկեցին հետևյալ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կուբա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա, Իրան, Մալի, Նիկարագուա, Նիգեր և Սուդան։ Միացյալ Նահանգները ձեռնպահ մնաց։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան արդեն ողջունել է բանաձևի ընդունումը։
Նախարարի խոսքով՝ Կիևը կշարունակի գործել «հաստատակամորեն և հետևողականորեն»՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։
«Մեզ համար սա պարզապես ևս մեկ քվեարկություն չէ։ Սա հաստատում է, որ Ուկրաինան միայնակ չէ, և որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները դեռևս կարևոր են», – ընդգծել է նա։
