Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգողական գործողություններ են՝ Հայկ Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էականորեն էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ

441067737-980815493413619-8197016905170576448-n-770x-1771869469943-770x_

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոնջորյանի կողմից անշարժ գույքի՝ շուկայականից էականորեն էժան գնով ձեռքբերման վերաբերյալ ստուգողական գործողություններ իրականացնելու հարց օրակարգ բերվել է մամուլի հրապարակումից հետո միայն։

«Հետքը» պարզել էր, որ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով, նշվում է, որ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը։ Նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։

Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Ի դեպ, Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։

Մամուլի հրապարակումից հետո ավելի քան երկու ամիս անց դեռևս քրեական վարույթ առկա չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում առ այս պահը ստուգողական գործողություններ են իրականացվում։