Մասշտաբային ձերբակալություններ Թուրքիայում. 32 ֆուտբոլային ակումբի ղեկավարներ կասկածվում են ապօրինի խաղադրույքների մեջ
Ստամբուլի դատախազությունը ձերբակալել է 32 անձի՝ երկրի պրոֆեսիոնալ լիգաներում պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների կազմակերպման կասկածանքով: Hürriyet Daily News պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են թուրքական Սուպերլիգան ներկայացնող մի շարք ակումբների՝ «Գյոզթեփեի», «Քոնյասպորի», «Ալանյասպորի», «Անթալյասպորի», «Քոջաէլիսպորի», «Գենչլերբիրլիգիի» և «Սիվասպորի» ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կասկածյալներին ձերբակալելու նպատակով թուրքական ոստիկանությունը լայնամասշտաբ հատուկ գործողություններ է իրականացրել երկրի 10 նահանգներում: Այս պահին ևս մեկ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապօրինի խաղադրույքների հետ կապված սկանդալներ գրանցվել են նաև նախկինում. նույն պատճառով արդեն իսկ որակազրկվել և ֆուտբոլից հեռացվել են ավելի քան 1000 ֆուտբոլիստ և 149 մրցավար: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների համակողմանի հետաքննությունը:
