Պապոյանն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման վերաբերյալ հարցեր

638469338-1352121763623870-8310987529045640428-n-1771577380669-770x_

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։

Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։

«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների», – նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։