Բայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է խորտակվել
Իրկուտսկի մարզում ինը մարդ, որոնց թվում կան զբոսաշրջիկներ, ավտոմեքենայով անցել են Բայկալի սառույցի տակ. կան զոհեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն:
«Իրկուտսկի մարզում քրեական գործ է հարուցվել Բայկալի սառույցի վրա տեղի ունեցած դեպքի առթիվ, որի հետևանքով զբոսաշրջիկների խումբ է զոհվել։ Փետրվարի 20-ի ցերեկը Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի տարածքում, սառույցի տակ է անցել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որը տեղափոխում էր 9 մարդ։ Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով կան զոհեր։ Փաստի առթիվ ՌԴ ՔԿ Իրկուտսկի մարզի քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) և 293-րդ հոդվածի 3-րդ մասով (անփութություն) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընթանում են ութ հոգու որոնողական աշխատանքները:
Դատախազությունից հայտնել են, որ փրկվել է մեկ մարդ:
