14 միլիոնի պայմանագիր՝ մեկ անձից․ Սուքիասյանների բիզնեսը ծաղկում է՝ «հերոս հարկատուների» հաշվին (տեսանյութ)
«Իշխանություն» լրատվականի հայտնի դարձավ, որ 2026 թվականի փետրվարի սկզբին Երևանի քաղաքապետարանը «մեկ անձ» ընթացակարգով շուրջ 14 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Sil Insurance» ընկերության հետ։ Ժողովրդի հարկերից գոյացած գումաները կրկին ուղղվում են իշխանական պատգամավորի բիզնեսին՝ առանց մրցակցային գործընթացի։
Եթե հետ գնանք նախորդ տարիներ, կտեսնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Պետական գնումների էլեկտրոնային համակարգում հրապարակված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Sil Insurance»-ը մի շարք պետական մարմինների հետ պայմանագրեր է կնքել հիմնականում «մեկ անձ» ընթացակարգով՝ այդ թվում վարչապետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և այլ մարմինների հետ։
Գումարների ծավալները գնալով աճում են։ Եթե 2021–2022 թվականներին պայմանագրերը հիմնականում վերաբերում էին համեմատաբար փոքր գումարների (օրինակ՝ ավտոպարկերի ԱՊՊԱ ապահովագրություն), ապա 2023–2024 թվականներին արձանագրվել է թե՛ պայմանագրերի թվի, թե՛ գումարների ավելացում։ Ամենախոշոր պատվիրատուն Ներքին գործերի նախարարությունն է՝ շուրջ 396 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 958 մլն դրամ։
Մեկ անձից գնում կատարում են այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը կարող է մատուցել միայն մեկ ընկերություն, առաջացել է հրատապություն, գնումը փոքր արժեք ունի կամ կան տեխնիկական/իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս չանցկացնել բաց մրցույթ՝ համաձայն «ՀՀ պետական գնումների մասին օրենք»-ի։ Եթե Հայաստանում կան բազմաթիվ ապպա պայմանագրեր կնքող ընկերություններ, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրությունը կատարվել հենց ՔՊ-ական պատգամավորի օգտին։ Խոսքը պետական բյուջեի միջոցների մասին է, որոնք ձևավորվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Այդ միջոցների բաշխման գործընթացը պետք է լինի ոչ միայն օրինական, այլև արդար և մրցակցային։
Եթե շուկայում գործում են տասնյակ ապահովագրական ընկերություններ, առաջանում է պարզ հարց․ ինչո՞ւ մրցակցային բաց պայմաններ չեն ստեղծվում նաև մյուսների համար։ Ինչո՞ւ են պետական գերատեսչությունները տարիներ շարունակ ընտրում նույն գործընկերոջը՝ առանց մրցույթի։ Իշխանական պատգամավորի բիզնեսը փաստացի դարձել է պետական համակարգի կայուն և նախընտրելի գործընկեր։ Կոռուպցիան պոզով, թե՞ պոչով է լինում։


