Կարող եմ խոստանալ, որ վաղը երկրպագուները հպարտ կգնան տուն․ Սանդրո Պերկովիչ
Վաղը՝ փետրվարի 19-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
— Վստահաբար ուսումնասիրել եք մրցակցին, բացահայտել եք այն խոցելի օղակները, որոնք ունի այս թիմը, գուցե պատմական հաջողության հասնելու համար։
««ԱԶ Ալկմարը» շատ ուժեղ թիմ է, որին վերաբերվում ենք մեծ հարգանքով։ Սակայն նրանց խաղում տեսել ենք որոշ թերություններ, որոնք կարելի է օգտագործել, և մենք խաղադաշտում ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար։ Ինչպես Հարությունյանն էր նշել՝ հավաքը լավ է անցել։ Ճիշտ է, երկու ամիս պաշտոնական խաղեր չենք անցկացրել, բայց կարծում եմ՝ պատրաստ ենք ֆիզիկապես, մտովի և տակտիկապես ու դա վաղը ցույց կտանք»։
— Արդյո՞ք ձեզ հաջողվել է թիմին համոզել, որ չնայած «ԱԶ Ալկմարը» հեղինակավոր թիմ է, այս պահին խաղային խնդիրներ ունի, և հնարավոր է նրանց դեմ դրական արդյունքի հասնել։ Զգո՞ւմ եք, որ ֆուտբոլիստները հավատում են դրան։
«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչ խնդիրների մասին եք խոսում, բայց մենք հավատում ենք մեր ուժերին։ Մրցակցին շատ ենք հարգում, բայց ինքներս մեզ էլ ենք հավատում։ Վերջին 6–7 շաբաթների ընթացքում եռանդով մարզվել ենք, լավ վիճակում ենք և կարծում եմ՝ վաղը դա կապացուցենք»։
— Առաջին հանդիպումն անցկացվում է տանը․ որքանո՞վ է սա կարևոր, և որքանո՞վ է բարդացնում մեր գործը այն փաստը, որ պատասխան խաղը լինելու է մրցակցի հարկի տակ։ Արդյո՞ք առավելություն է առաջին խաղը տանը անցկացնելը։
«Կարծում եմ՝ այս դիմակայությունում ամեն բան որոշվելու է Նիդերլանդներում կայանալիք պատասխան խաղում։ Ցանկացած դրական արդյունք մեզ համար ընդունելի կլինի»։
— Ի՞նչ կարող է այս խաղում «Նոայի» համար լինել հաղթաթուղթը։
«Մեր հաղթաթուղթը լինելու է թիմը և այն, ինչ ցույց ենք տալու խաղադաշտում։ Մեր հաղթաթուղթը նաև այն մթնոլորտն է լինելու, որն ապահովելու են երկրպագուները»։
— Ինչպե՞ս կգնահատեք թիմի ֆիզիկական պատրաստվածությունը այս խաղից առաջ։ Արդյո՞ք թիմը պատրաստ է Կոնֆերենցիաների լիգայի և «ԱԶ Ալկմարի» ինտենսիվ ֆուտբոլին։
«Իհարկե, ընկերական հանդիպումները մեկ բան են, պաշտոնական խաղերը՝ լրիվ այլ։ Երկու ամիս պաշտոնական հանդիպում չենք անցկացրել, և ինձ նույնպես հետաքրքիր է, թե վաղը ինչպիսի խաղ կանցկացնենք։ Ինչ վերաբերում է մրցակցի կազմին՝ կարող եմ ասել, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները վերադարձել են շարք, և այժմ նրանք կադրային խնդիրներ չունեն»։
— Ի՞նչ կարևորություն ունեն երկրպագուները վաղվա խաղում, և ի՞նչ կոչ ունեք հայ ֆուտբոլասերին։
«Երկրպագուները չափազանց կարևոր դեր ունեցան մեզ համար «Լեգիայի» դեմ խաղում։ Ցանկանում եմ, որ վաղը նրանք գան դրական լիցքերով և ամեն վայրկյան աջակցեն մեր թիմին։ Սովորաբար չեմ սիրում խոստումներ տալ, բայց կարող եմ խոստանալ, որ վաղը երկրպագուները հպարտ կգնան տուն։ Հուսամ՝ ոչ մի գոլ չենք ընդունի, առավել ևս՝ արագ կամ անհաջող գոլ»։
— Երբ Ժոզե Մոուրինյուն «Պորտուի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, կատարեց իր լեգենդար վազքը խաղադաշտում։ Մտածե՞լ եք՝ եթե կարողանաք հաղթահարել այս փուլը, ինչպես եք նշելու հաղթանակը։
«Անձամբ ես շատ եմ հարգում «ԱԶ Ալկմարին»․ նրանք ունեն աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկը։ Դուք նշեցիք, որ նրանք ֆավորիտ են, և ես համաձայն եմ, բայց ֆուտբոլում կա երկու կարևոր բան՝ եռանդուն աշխատանք և 90 րոպե խաղադաշտում։ Ինչ վերաբերում է հաղթանակը տոնելուն՝ կվազեմ ամբողջ Երևանով, ոչ միայն խաղադաշտում», — պատասխանել է Պերկովիչը։
«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։
