«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ՝ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Անդրանիկ Թևանյան

img-9461-1771161101667-770x_

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կայացավ «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը, որի ժամանակ կուսակցությունը ներկայացրեց իր առաջնային նպատակները, սկզբունքներն ու ապագայի տեսլականը՝ ընդգծելով 2026 թվականի ընտրությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ կուսակցությունն այժմ սկսում է իր գործունեությունն այլ մեկնակետից՝ փորձելով ապահովել առավելագույն համախմբում: Նա, ներկայացնելով «Մայր Հայաստանի» ձևաչափը, նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե աշխատասենյակում, այլ մասնակցում են հանրության տարբեր շերտեր: Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, և նրանց ձայնը լսելի է դառնում»,- ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համահեղինակ, իր գաղափարներով և լուծումներով հարստացնելու է այն: Երկրին փոփոխություններ են պետք, և, վստահ են՝ կհասնեն դրանց: