Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու հանձնառությամբ՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելն ու պատասխանատվության ներկայացնելը:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը բենզինային վառելիքի ապօրինի վաճառքով է զբաղվում:
Համայնքային ոստիկաններն այցելել են 46-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում 1000 լիտրից ավելի բենզինային վառելիք և վաճառքի համար նախատեսված սարքավորումներ կային:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա էջմիածինցու տանը հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված ընդհանուր 1246 լիտր բենզինային վառելիք: Տանտերը հայտնել է, որ այն ձեռք է բերել շահույթ ստանալու նպատակով վաճառելու համար:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին նաև փետրվարի 9-ին, ըստ որի՝ Շահումյան գյուղի 55-ամյա բնակիչը զբաղվում է դիզվառելիքի, բենզինի և տրանսպորտային միջոցների շարժիչի յուղի վաճառքով:
Շահումյան մեկնած համայնքային ոստիկանները 55-ամյա տղամարդու բնակության հասցեի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են 300 լիտր բենզինային վառելիք, 1700 լիտր դիզվառելիք, պլաստմասե տարաներով շարժիչի յուղ՝ ընդհանուր 100 լիտր, հակասառեցման համակարգի համար նախատեսված հեղուկ և համապատասխան սարքավորումներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1840 լիտր դիզելային վառելիք, 130 լիտր բենզին, 42 լիտր ավտոմեքենայի շարժիչի հովացման հեղուկ, 35 լիտր ավտոմեքենայի դիմապակու հեղուկ, 990 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ:
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:
