Խնդիրն արդեն լուծված է․ Խալիլ Շիրղոլամին՝ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցերից հետո իրանական կողմի մոտ առաջացած դժգոհությունների մասին
Խնդիրն արդեն լուծված է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ խոսելով Երևանում Իրանի դեսպանատան դիմաց մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ցույցերից հետո իրանական կողմի մոտ առաջացած դժգոհությունների մասին:
Իրանում տեղի ունեցող ցույցերին զուգահեռ Երևանում անցկացված բողոքի ակցիաները դժգոհություն էին առաջացրել իրանական կողմի մոտ: Դեսպանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դրանց ընթացքում վիրավորանքներ են հնչում երկրի իշխանությունների հասցեին և Թեհրանի մոտ տպավորություն է, թե Հայաստանը դառնում է հակաիրանական գործողությունների կենտրոն:
Առաջացած դժգոհությունների վերաբերյալ հարցին ի պատասխան այսօր դեսպանը նշել է, որ խնդիրները հիմնականում լուծվել են:
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այո, մեծ մասամբ այդ խնդիրն արդեն լուծված է։ Լինում են դեպքեր, որ անգամ ընկերների և բարեկամների միջև այսպիսի բան առաջանում են, նեղանում են միմյանցից։ Բայց հին բարեկամները բարեկամներ են»,- նշել է դեսպանը։
