Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս 10 տարով երկարաձգել․ Նիկոլ Փաշինյան

hq720-1770822206688-770x_

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ ենթադրվում է 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն՝ 2036թ և 2046թ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի: Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:

«Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է: Եվ որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,-նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:

Անդրադառնալով առհասարակ աշխարհում այս ոլորտին՝ վարչապետը նկատեց. «Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետևյալն է՝ գինն ինչ է արժենալու»:

Նա ընդգծեց՝ կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: «Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ… Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»:

Փաշինյանը սրանք համարում է լուրջ հարցեր, որոնք պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկվեն: