Շուտով ծրագիրը գործնական փուլ կմտնի. Անահիտ Ավանեսյանը՝ շտապ օգնությունում մոպեդներ ավելացնելու մասին
Երևանի խցանումների ու ծանրաբեռնվածության պատճառով կարիք կա հավելյալ ներուժ կիրառելու: Շտապ օգնության ծառայության արձագանքման արագությունը ապահովելու համար հասկացանք, որ հրատապ դեպքերի հասանելիությունն ապահովելու համար մոպեդների ծրագիրը շուտով գործնական փուլ կմտնի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ճիշտ եք նկատում. մեր շտապ օգնության ծառայության մասնագիտական պահանջի մասով վերանայելու խնդիր ունենք: Շատ երկրներ անցել են պարամեդիկների ինստիտուտին: Եթե հատուկ դեպքեր չեն, հատուկ սրտային բրիգադի փոխարեն առաջինը դեպքի վայր հասնում են պարամեդիկները: Ես երբ Իսրայելում էի, իրենց շտապ օգնության ծառայության շրջանակում շրջայց իրականացրի, տեսա 14-15 տարեկան երիտասարդների: Ասացին, որ իրենց ավագ դպրոցի երեխաները անցնում են հատուկ պատրաստվածություն և ընդգրկվում են առաջին օգնություն տրամադրելու համակարգում, սերտիֆիկացվում են, ունենում են հասանելիություն ու իրենց իրավունքների շրջանակում կամավոր կերպով օգնում են մարդկանց մինչև շտապ օգնության հասնելը: Մենք նույնպես պետք է ունենանք այս կամավորության ու պատրաստվածության աստիճանը: Հետագա տարիներին սա մեր բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կլինի»,- նշել է նա:
Հարցին, թե արդյոք մոպեդի վարորդները միայն հայեր են լինելու, Ավանեսյանը պատասխանեց, որ ՀՀ-ում աշխատանքի իրավունք ունցեղ բոլոր անձանց սիրով ընդունում ու քաջալերում են. «Տարբեր ազգության ու մշակույթների ներկայացուցիչ աշխատակիցներ ունենալով՝ ավելի հարուստ կլինենք, պարփակվել պետք չէ»:
