Վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար․ Սուրեն Պապիկյան
Վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար, կառուցվել են ամրացված շրջաններ, կատարվել են ինժեներական մեծածավալ աշխատանքներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեր գործընկերների նկարահանող խմբի հետ միասին ձեզ ենք ներկայացնում կատարված աշխատանքի մի մասը։ Այժմ գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում, ՀՀ բարձրադիր լեռնային հատվածներից մեկում։ Գտնվում ենք մասնավորապես այդ բարձր լեռնային շրջանի ստորգետնյա հատվածում, որն իրենից ներկայացնում է փակ երկաթբետոնե համակարգ՝ ծածկված նաև հողային շերտով։ Անզեն աչքով հնարավոր չէ դիտարկել այն, թեև կան որոշ բաներ, որոնք կհուշեն ամրացված շրջանի մասին, բայց նրա ընդհանուր ներքին ցանցը բնականաբար տեսանելի չէ որևէ մեկին»,- տեղեկացրել է պաշտպանության նախարարը։
Նա հավելել է, որ ամրացված շրջանն ունի խրամուղիներ, որոնցով իրար միանում են խրամաբջիջները, որոնք իրենց հերթին նախատեսված են թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի ապահովման համար։
«Կախված տեղանքից՝ ամրացված շրջաններն ունեն շրջանաձև պաշտպանության հնարավորություն։ Դրանք պաշտպանված են անօդաչու թռչող սարքերից և իրենց կազմ-կառուցվածքով բավականին ամուր են։ Դրանք պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել մեր զինվորների կենսունակությունը և հնարավորություն տալ ավելի շահեկան դիրքերից իրականացնել մեր երկրի սահմանների պաշտպանությունը»,- ասել է Պապիկյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է լինեն նման ամրաշինական կառույցներ, որոնք ապահովելու են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Պապիկյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին դրանց թվաքանակը հասնում է մի քանի տասնյակի։
«Սա շատ կարևոր ձեռքբերում է զինված ուժերի և մեր ինժեներական մտքի համար, որովհետև սա առաջին հերթին մեր զինվորների պաշտպանվածության համար է և միևնույն ժամանակ հոգեբանական հսկայական առավելություն է տալիս նրանց։ Եթե նաև դիտարկենք, որ սա, ըստ էության, սահմանին գտնվող ամրացված շրջան է, հենակետ է, դիրք է, ապա նախկին մեր տրամաբանությունից սա էապես տարբերվում է թե՛ իր հնարավորություններով, թե՛ կազմով ու կառուցվածքով, թե՛ իհարկե իր ամրությամբ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Պապիկյանի դիտարկմամբ՝ քանի որ մենք այժմ խաղաղության շրջանում ենք, ապա շատ կարևոր է լուսաբանել, թե ինչ է ամրացված շրջանը և ինչի համար է նախատեսված։
«Այն նախատեսված է տարբեր հրաձգային զենքերով պաշտպանվելու համար, բայց միևնույն ժամանակ այստեղ կարող են լինել նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի այլ նմուշներ»,- եզրափակել է պաշտպանության նախարարը։
