ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկա ընտրությունները պատմաքաղաքական են։ Հասել է պահը, երբ պետք է դուրս գանք մեզ հայտնի և կրկնված ցիկլերից։ Առաջին քայլերը տեղի են ունեցել։ ՀՀ-ն աշխարհի ծայրագավառից դառնում է աշխարհի կենտրոն, մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն։
Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին:
Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն: Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին, սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,-ասել է Փաշինյանը։
