Վանական համալիրները, որոնց մի մասն անտերության էին մատնված, վերանորոգել ենք՝ օձերի միջավայրը վերածելով այգու. Գևորգ Պապոյան
Մեր վանական համալիրները, որոնց մի մասը անտերության են մատնված, ցանկանում ենք դառնան հասանելի թե հայաստանցիների, թե զբոսաշրջիկների համար: Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մենք Շիրակի մարզում ունենք մի վանական համալիր, որտեղ մարդիկ երկար ժամանակ չէին այցելում, ճանապարհ չկար այդտեղ հասնելու համար, մենք կառուցեցինք ճանապարհը, վերանորոգեցինք այն՝ օձերի միջավայրը վերածելելով այգու: Խոսքը Մարմաշեն վանական համալիրի մասին է, որին հասնելու համար պետք էր վարձել ջիպեր, իսկ հիմա անգամ հեծանիվով է հնարավոր գնալ»,- նշել է նա:
Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը՝ վարկային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120,5 մլն եվրո:
«Այսօր ինչ տեսք ունի Գյումրին, Ջերմուկը, Գորիսը, Դիլիջանը բացարձակապես նախորդ ծրագրի շնորհիվ են՝ ներառյալ բարեկարգ ու սալիկապատ փողոցները, Գյումրիի երգող շատրվանը: Նախորդ ծրագրի շրջանակներում մոտավորապես 48-48.5 մլն դոլար գումար է ծախսվել, այն հաջողությամբ է պսակվել: Հիմա կրկնակի վարկային համաձայնագիր ենք կնքել՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120.5 մլն եվրո, որից 96.4 մլն եվրոն վարկային միջոցներ են: Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վերջինիս ստորագրման ամսաթվից հետո 180 օրը, սակայն այն հետաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 19-ը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը մինչ այդ օրը պետք է ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները իրականացնենք:
Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի, մասնավորապես՝ Գորիսը կդառնա ամողջովին զբոսաշրջային միջավայր, զբոսաշրջային կլաստերը ամբողջական կդառնա, հետագա զարգացման նպատակով կառավարությունը լրացուցիչ ներդնելու է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Արենին դառնալու է գինու կլաստեր։
Այսօր արդեն Արենիի զարգացման պլանը մշակված է, ու պարբերաբար հանդիպում ենք գործարարների հետ: Եղեգիս համայնքում ցանկանում ենք զարգացնել ագրոտուրիզմը, Ջերմուկում՝ վերակառուցվելու է ըմպելասրահը, Գյումրիում՝ կիսակառույց փողոցները, այգու վերանորոգումը, զբոսաշրջության դպրոցը, նաև շուկան քանդվում է ու փոխարենը նոր շուկա է կառուցվում՝ նոր տաղավարներով, զբոսաշրջիկները զգալու են իսկական արևելյան շուկայի շունչը»,- նշել է նա:
