Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:
Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ և հաջողություն մաղթել առաջիկա Խաղերում:
«Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»,- ասել է նախարարը:
Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլլ հարցեր:
