Քաղցկեղի առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել. Անահիտ Ավանեսյան

screenshot-6-1770210226650-770x_

Քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։

Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.

1. կրծքագեղձի քաղցկեղը,

2. արգանդի պարանոցի քաղցկեղը,

3. կոլոռեկտալ քաղցկեղը:

Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։

Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։

Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:

Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում 10%ով:

2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված բուժառուների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող բուժառուները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:

Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով բուժառուների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:

Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող բուժառուների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»,- գրել է նախարարը: