Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն․ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ

photo-5188526450594746848-y-1770042769043-770x_

Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով մեծ հետաքրքրությունը հարկ եմ համարում նշեմ, որ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, և այն համարում եմ առնվազն անհիմն, և որպեսզի ասածս ուղղակի որպես խոսքեր չհնչեն, հակիրճ կներկայացնեմ իրողությունը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Հարցը վերաբերում է դեռևս 2023 թվականին Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու /ներկայացնելուց հրաժարվելու/ պատճառով, այսինքն օրենքի ուղիղ պահանջով։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ի դեմս ինձ Երևան քաղաքում ճանապարհային նշանների 2023թ․տեղադրման գործընթացը չձախողելու և Երևան քաղաքում երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով նախաձեռնեց նշանների տեղադրման նոր գնման մրցութային գործընթաց՝ ներկայացնելով համապատասխան գնման հայտ։

Գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց, ես ստացել եմ «Իմպեք» ՍՊ ընկերության հայցի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։ Ընդ որում հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, հենց դրանով պայմանավորված արգելվել է նախաձեռնելը։

Ձեռնպահ մնալով գնահատական տալ դատական ակտի բովանդակությանը՝ տևական ժամանակ Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման անհնարինության հետևանքների մասով, նշեմ, որ ըստ էության ինձ մեղադրում են գնման գործընթացը նախաձեռնելուց՝ գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած այն չնախաձեռնելու մասին դատական ակտը չկատարելու համար։

Այսինքն ստացվում է ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։

Ըստ էության սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։

Կավելացնեմ միայն այն, որ այս գործով դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊ ընկերության մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան»։