Եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհրդի անդամները չեն մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին. հայտարարություն

screenshot-5-1768989783338-770x_

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «եպիսկոպոսները» չեն մասնակցելու արտերկրում գումարված Եպիսկոպոսաց ժողովին։ Նրանք հայտարարություն են տարածել, ավելին՝ կոչ են անում չեղարկել այն՝ դա համարելով «երկպառակություն սերմանող որոշում», «արկածախնդրություն»։ Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց և չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։

Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները հայտարարում են, որ այսօրվա «Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է», քանի որ այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Պնդում են, որ դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են կաթողիկոսի կամայականությամբ, ուստի Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։

«Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է, որը Հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես Մայր եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով հեղինակազրկել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը և վարկաբեկել հայոց պետականությունը»,- հայտարարում են նրանք։

Պնդում են, որ համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին Մայր աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել, դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։