Խաղաղության պայմանագիրը ճանապարհ է հարթում Հայաստանի, Գերմանիայի ու Եվրոպական Միության միջև ավելի սերտ համագործակցության համար․ Գերմանիայի դեսպան

524817390-1303681615100678-9123070432518234917-n-1768886778004-770x_

Հայաստանն ու Գերմանիան, ստորագրելով ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, դրել են երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման հիմքը․ այդ փաստաթուղթը ոչ միայն Երևանի ու Բեռլինի ձեռքբերումների գրավոր արձանագրումն է, այլ նաև ապագայի կողմնացույցը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը՝ խոսելով Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ներկա մակարդակի, դրանց զարգացման հեռանկարների, Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների և դրանց շուրջ Բեռլինի դիրքորոշումների ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դեսպանը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ այժմ վճռորոշ նշանակություն ունի, որ Երևանն ու Բաքուն շարունակեն մնացյալ քայլերն անել խաղաղ ճանապարհով, և որ դեռևս բաց հարցերը հնարավոր լինի լուծել բարեկամաբար։ Դեսպանը նաև ընդգծել է, որ տասնամյակներ անց առաջին անգամ տևական խաղաղությունը գտնվում է այսպես կոչված «հասանելիության սահմաններում», և Գերմանիան կշարունակի իր աջակցությունը երկու կողմերին՝ խաղաղության իրագործման ճանապարհին։

Տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և ի՞նչ կարևոր կետեր ​​կառանձնացնեիք այս առումով։

-Անշուշտ, տարեմուտը ճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու անցյալ տարվա ձեռքբերումներին և 2026 թվականի մեր սպասելիքներին։ Մեծ ուրախությամբ եմ նկատում, որ մեր երկրները վերջին ամիսներին զգալիորեն խորացրել են իրենց հարաբերությունները քաղաքական մակարդակում, ինչպես նաև այլ ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, միջմարդկային շփումները։

2025 թվականի մարտ ամսին մենք ականատես եղանք Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ որպես նախագահ Հայաստան կատարած առաջին պատմական այցին, իսկ դեկտեմբերին ականատես եղանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին և Համբուրգ կատարած արդյունավետ այցին։ Երկկողմ հարաբերություններում այս երկու կարևորագույն բարձրակետերից զատ՝ ես աճող հետաքրքրություն եմ նկատում երկու կողմերում՝ առկա համագործակցությունը հանրային կառավարման և արդարադատության բարեփոխման, էներգետիկ անվտանգության և փոխակերպման, ի շահ որակյալ աշխատուժի՝ կրթությունը գործարար կարիքներին կապակցելու, Գերմանիայի մշակույթը, գերմաներենի իմացությունը և Գերմանիայում ուսանելը խթանելու ոլորտներում առավել խորացնելու ուղղությամբ։

Հայաստանի կառավարության և նրա կառույցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների և քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը հիմնված է վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Նվիրվածությունն ու լավատեսությունը նպաստում են առաջընթացին և բացում են նոր հեռանկարներ։ Ըստ իս՝ կարևոր է, որ երկկողմ հարաբերությունները խորացնելուն ուղղված մեր համատեղ ջանքերը շարունակեն համապատասխանել Հայաստանի կարիքներին և ուղիղ դրական ազդեցություն ունենան Հայաստանում ապրող մարդկանց կյանքի վրա։

Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Այս առումով, միանշանակ, առանձնանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գերմանիա կատարած այցը, որը կարելի է պատմական անվանել իր արդյունքներով։ Հատկապես ուշագրավ էր երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը, որը նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերություններին։ Երկու առաջնորդները նաև համաձայնեցին զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպե՞ս կգնահատեք և կբնութագրեք այս պատմական այցը, և երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում։

-Ստորագրելով ռազմավարական օրակարգի վերաբերյալ այդ համատեղ հայտարարությունը՝ մենք դրեցինք մեր հարաբերությունների հետագա սերտացման հիմքը։ Այն ոչ միայն մեր ձեռքբերումների գրավոր արձանագրումն է, այլ նաև ապագայի կողմնացույցը։ Մեր երկրները սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում․ մասնավորապես, Բեռլինում նախորդ շաբաթ կայացած մեր քաղաքական խորհրդակցություններն ամրագրեցին 2026 թվականի համար նախատեսված կոնկրետ քայլերը։

ՀՀ վարչապետի՝ Բեռլին և Համբուրգ կատարած այցի ծրագիրը նույնպես ընդգծեց Գերմանիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ առևտրային, նորարարությունների և մշակույթի ոլորտներում։ Այսպես, երբ վարչապետը Գերմանիայի Արևելաեվրոպական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի բեռլինյան գրասենյակում հանդիպեց Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ, շատ թիրախային քննարկում ծավալվեց հետագա հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ շրջանակի, ինչպես նաև լոգիստիկ, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգակիրների և այլ ոլորտների հանդեպ հետաքրքրության դրսևորումների շուրջ։

Այս ընթացքում շատ բան արդեն տեղի է ունենում գետնի վրա։ Այս ամիս «Անցյալ ապագայի շունչը» ցուցահանդեսով Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մեկնարկել է մշակութային տարին․ ցուցահանդեսը կազմակերպվել է Լայպցիգի Techne Sphere կենտրոնի, «Գյոթե» ինստիտուտի և Լայպցիգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ներկայացնում է Լայպցիգի և հայաստանցի արվեստագետներ Մարգրետ Հոպպեի և Նվարդ Երկանյանի ստեղծագործությունները։ Երկու քաղաքները տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպելու, այնպես որ հետևեք լուրերին։

Ընդհանուր առմամբ մենք արձանագրել ենք մեր ժողովուրդների միջև պաշտոնական և մասնավոր այցելությունների շարունակական աճ, ինչը շատ խոստումնալից զարգացում է նաև առաջիկա ամիսների համար։ Ես մեծապես շնորհակալ եմ իմ թիմին, որն անդուլ աշխատեց շենգենյան վիզայի ընթացակարգի բարելավման և դիմում ներկայացնելու սպասելաժամանակի կրճատման հարցում ավելի բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ։ Ուստի, հավատացած եղեք, որ դեսպանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որ 2026 թվականին մեր հայաստանյան դիմումատուները, որոնք մեկնում են Գերմանիա՝ այցելելու իրենց ընտանիքներին, շրջագայելու կամ գործնական նպատակներով, սպասարկվեն առանց երկար հերթերի՝ վիզայի դիմում ներկայացնելով Հայաստանում մեր բացառիկ գործընկեր TLS contact ընկերությանը (մի համագործակցություն, որը մեկնարկել և մեծ արդյունավետությամբ ընթանում է 2025 թվականի հուլիսից)։

Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական հարաբերություններ և համագործակցություն. ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև տնտեսական կապերը, որքա՞ն է եղել երկկողմ առևտրի ծավալն անցյալ 2025թին և ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման և ներմուծման շուկաներում:

Մեր տնտեսական կապերն ամուր են, և մենք աշխատում ենք դրանք ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Գերմանիան Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է Եվրամիությունում։ 2024 թվականին երկկողմ առևտուրը հասել է 554 մլն եվրոյի։ 2025 թվականի վերջնական ցուցանիշները դեռևս հասանելի չեն, սակայն 2025 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստանից դեպի Գերմանիա արտահանումն աճել է 80%-ով։ Սա շատ լավ միտում է, քանի որ վկայում է՝ Հայաստանի տնտեսությունը մրցունակ է և առաջարկելու բան ունի։

Այս միտումը կախված է երկու գործոններից, որոնք, ըստ իս, մեծ ներուժ ունեն․ մեկը խաղաղության գործընթացն է, որը միանշանակ կբարձրացնի բիզնեսի վստահությունը, իսկ բաց սահմանները զգալիորեն կկրճատեն Հայաստանի հետ առևտրի ծախսային բեռը։ Մյուսը բարեփոխումների այն օրակարգն է, որին հետամուտ է Հայաստանը։ Օտարերկրյա ներդրողներն իրենց կապիտալի համար փնտրում են կայուն միջավայր։ Օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը կարդարացնեն իրենց տնտեսական շահույթի տեսքով։

Նաև հավելեմ, որ Երևանում գործող Գերմանական տնտեսական միավորման հավաստիացմամբ՝ գերմանական ընկերություններն աճող հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում և հակառակը, և դա՝ հատկապես նաև շնորհիվ Հարավային Կովկասում Հայաստանի ունեցած աշխարհագրական դիրքի, որն իրար է կապում Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր առևտրային ուղիները։ Այդ պատճառով մենք ուրախությամբ տրամադրում ենք խորհրդատվություն, որտեղ դրա կարիքը կա, որովհետև Գերմանիայի համար պարզ է, որ տնտեսությունը կարևոր հենասյուն է ինչպես Գերմանիայում և Եվրոպայում, այնպես էլ Հարավային Կովկասում ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելու համար։

Այս դրական խորապատկերին է, որ դեկտեմբերին Բեռլինում ստորագրեցինք մեր ռազմավարական օրակարգը՝ աներկբայորեն հռչակելով մեր միասնական նպատակը՝ խթանել երկկողմ առևտուրը և ներդրումային հնարավորությունները, համագործակցությունը էներգետիկ, փոխկապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և բեռնափոխադրումների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

ՀՀ վարչապետի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում երկու ղեկավարները նաև մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված փաստաթղթեր ստորագրեցին։ Ձեր կարծիքով, որո՞նք են երկկողմ ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում երկու երկրների միջև հարաբերություններում։

-Կցանկանայի ընդգծել, որ դեռևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին ժամանելուց կարճ ժամանակ առաջ Գերմանիայի և Հայաստանի կառավարությունները վերահաստատել էին տնտեսական զարգացման շուրջ համագործակցությունը խթանելու իրենց մտադրությունը։ Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ՝ միասնական ջանքերով հայ ժողովրդի բարեկեցությանը նպաստելու նպատակով, համագործակցելով կանաչ տնտեսության զարգացման, տեխնիկական և միջին-մասնագիտական կրթության, վերականգնվող էներգետիկայի և էներգետիկ արդյունավետության, համայնքային զարգացման և հանրային կառավարման, բնապահպանական և սոցիալական կարիքների ոլորտներում։ Գերմանիան և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել ևս 120 մլն եվրոյի վարկի շուրջ, որը հնարավորություն կտա լիովին ֆինանսավորել Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը (Caucasian Transmission Network), որը վճռական նշանակություն ունի Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ներգրավվածության համար։

Մենք համարում ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածը Հայաստանի տնտեսության ողնաշարն է։ Այդ պատճառով մենք պայմանավորվել ենք Կենտրոնական բանկի հետ «Գերմանահայկական հիմնադրամ» (German Armenian Fund) վարկային ծրագրի միջոցով ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր տրամադրել փոքր, միջին և միկրո ձեռնարկություններին՝ հատկապես գյուղական համայնքներում։ Այժմ շիրակցի ագարակատերն, օրինակ, ի վիճակի կլինի Գերմանահայկական հիմնադրամի վարկով կառուցել արևային էներգիայով սնուցվող նորարարական ջերմատուն, որը եկամուտ և բարեկեցություն կապահովի ագարակատիրոջը, նաև լրացուցիչ զբաղվածություն՝ տեղական համայնքին։ Ավելին, այս ծրագիրն օգնում է արդիականացնել ձեռնարկությունները՝ մեծացնելով Հայաստանի մրցունակությունն ու արտահանման հնարավորությունները։

Դարձյալ համայնքային հարթության վրա մեր համագործակցության մեկ այլ կարևոր շեշտադրում է այն աջակցությունը, որի շրջանակում քաղաքացիներն իրենց համայնքներում ներգրավվում են որոշումներ կայացնելու գործընթացներին։ Օրինակ, Ծաղկահովիտի բնակիչները որոշել են, որ իրենց տրամադրված պետական միջոցները ծախսվեն իրենց մշակույթի տան և ճանապարհային ենթակառուցվածքների նորոգման վրա։ Կամ էլ շարժական գրասենյակների ներդրման շնորհիվ Խոյ համայնքի ներկայացուցիչներն այժմ կանոնավորապես հասանելի են իրենց բնակավայրերում ապրող մարդկանց՝ մատուցելով առցանց ծառայություններ այնպես, որ հատկապես տարեց կամ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ անմիջական հասանելիություն ունենան վարչական ծառայություններին։ Գերմանիան սատարում է համայնքային կյանքին ուղիղ մասնակցության այս գաղափարը, որովհետև մենք հավատում ենք, որ հենց քաղաքացիները գիտեն, թե որոնք են իրենց առաջնահերթությունները՝ գրավիչ համայնքային կյանք կառուցելու համար։ Անցյալ տարի շահառուների հետ ունեցած իմ անձնական շփումների հիման վրա կարող եմ հավաստիացնել Ձեզ՝ արդյունքները տպավորիչ են։

Բացի այդ, 2026 թվականին Հայաստանում սպասվող միջազգային խոշորագույն իրադարձություններից մեկն է լինելու COP17-ը՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովը, որը կկայանա հոկտեմբերին։ Գերմանիան շնորհավորում է Հայաստանին նախագահության համար և որպես կենսաբազմազանության ոլորտի խոշորագույն դոնոր՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին։ Աջակցելով ժամանակակից ջրահեռացման ենթակառուցվածքների զարգացմանը՝ մենք ձգտում ենք, որ, օրինակ, Սևանա լճի ափամերձ շրջաններում ապրող գյուղատնտեսների կայուն եկամուտ ստանալու հնարավորությունը համադրելի լինի շրջակա միջավայրի զգայուն խնդիրների լիարժեք հարգմանը։ Մենք նաև մեր հայ գործընկերների հետ համագործակցում ենք ազգային պարկերի, օրինակ՝ «Արփի» ազգային պարկի պահպանության մեթոդների շուրջ՝ միաժամանակ չխոչընդոտելով ագրոանտառտնտեսության միջոցով ապրուստ հոգալու հնարավորությունները։ Համոզված եմ, որ համաժողովը մասնավորապես կնպաստի կենսաբազմազանության տևական կայուն լուծումների կիրարկման ապահովմանը, որն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին, այլև նրա սահմաններից դուրս։

Իրավիճակը Հարավային Կովկասում. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրեցին կողմերի միջև դեռևս մարտին համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այդուհանդերձ, կողմերը դեռևս չեն հասել վերջնական ստորագրմանը, քանի որ Բաքուն առաջ է քաշում ևս մեկ նախապայման՝ կապված ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և ինչպե՞ս է Բեռլինը գնահատում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունի այս համաձայնագիրը Հարավային Կովկասի ապագայի համար։

-Գերմանիան ողջունել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնումը։ Թույլ տվեք Ձեր ընթերցողներին հիշեցնել, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն սատարել է այն բանակցություններին, որոնք այսօր հանգեցրել են այս արդյունքներին, օրինակ, բանակցությունների հնարավորություն ստեղծելով Բեռլինում, ինչն օգնեց ճանապարհ հարթել դեպի խաղաղություն։ Գերմանիայի կառավարությունը ողջունեց նաև տարանցիկ և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հույսի նշան։ Սա կարևոր դրական ազդակ է սփռում, որն ամենևին չի սահմանափակվում միայն տարածաշրջանով։ Խաղաղությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների միջոցով։ Խաղաղության պայմանագիրը ճանապարհ է հարթում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու Եվրոպական Միության միջև ավելի սերտ համագործակցության համար։

Միաժամանակ, մասնակցելով Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը (EUMA), որի ղեկավարը գերմանացի Մարկուս Ռիթերն է՝ Գերմանիան մեծ արդյունավետությամբ ապահովում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերում ապրող մարդկանց անվտանգությունը։ Շատ ամիսներ է արդեն՝ այդ սահմանները հանգիստ են։ Ես մեծապես շնորհակալ եմ մեր գերմանացի պարեկներին, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում և այլուր, և որոնց ես այցելել եմ անցյալ տարի։

Մեր տեսանկյունից այժմ վճռորոշ նշանակություն ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն մնացյալ քայլերն անել խաղաղ ճանապարհով, և որ դեռևս բաց հարցերը հնարավոր լինի լուծել բարեկամաբար։ Առաջին դրական զարգացումներն արդեն նյութականացվել են․ վերջին շաբաթներին մենք խրախուսող քայլեր տեսանք առևտուրը կարգավորելու ուղղությամբ։ Տասնամյակներ անց առաջին անգամ տևական խաղաղությունը գտնվում է այսպես կոչված «հասանելիության սահմաններում», և Գերմանիան կշարունակի իր աջակցությունը երկու կողմերին՝ խաղաղության իրագործման ճանապարհին։

-Օգոստոսի 8-ի հռչակագրի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանը կաշխատի ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու համար։ Ի՞նչ դիրքորոշում ունի Գերմանիան այս նախաձեռնության վերաբերյալ։

-Ինչպես վերը նշեցի, Գերմանիան շատ ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում ընթացող զարգացումներին։ Մենք բարձր ենք գնահատել նաև ԱՄՆ ջանքերը, որովհետև Հարավային Կովկասում լավարկված անդրսահմանային փոխկապակցվածությունը վճռորոշ նշանակություն ունի այսպես կոչված «Միջին միջանցքի»՝ Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի այլընտրանքային ուղու ընդարձակման համար։ Առհասարակ՝ փոխվստահելի անդրսահմանային հաղորդակցությունը մի նախապայման է, որն էական նշանակություն ունի Գերմանիայի համար՝ որպես արտահանող երկրի։ TRIPP-ի շրջանակում հետագա համագործակցության ներուժը կգնահատվի, երբ գործողության մեջ դրվի Հայաստանի և ԱՄՆ միջև դրա իրագործման շրջանակը։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ Եվրոպական Միության Գլոբալ դարպասների ռազմավարության (EU Global Gateway strategy) առանցքային գործընկերն է, ինչը խթանում է տարածաշրջանային փոխկապակցվածությունը, առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվայնացումը։

-Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն խորացնում և զարգացնում է հարաբերությունները Եվրամիության հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշեց, որ Բեռլինը խիստ հետաքրքրված է Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձեցմամբ։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Գերմանիան նպաստել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հետագա խորացմանը։

-Առանցքային մեխանիզմներից մեկն, ըստ իս, հայաստանյան նորմերի և չափանիշների ներդաշնակեցումն է Եվրոպական շուկայում գործող նորմերին և չափանիշներին։ Դա շատ տեխնիկական է հնչում, բայց այնտեղ, որտեղ կանոնները ներդաշնակեցված են, առևտուրն ավելի հեշտ է։ Անցյալ ամառ ձկնաբուծության ոլորտի մի հայ գործարար ինձ բացատրեց, որ չափանիշների տարբերության պատճառով նրա ընկերությունը երկու արտադրական գիծ է հիմնել՝ մեկը ԵՄ շուկայի համար, մյուսը՝ Եվրասիական տնտեսական միության։ Դա չափազանց ծախսատար է։ Այդ պատճառով Գերմանիան սատարում է ներդաշնակեցման այս գործընթացը որակյալ ենթակառուցվածքներում, դեղագործության, տրանսպորտի և փոխադրումների ոլորտներում՝ ներգրավելով Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ֆիզիկատեխնիկական դաշնային ծառայության (PTB) փորձագետներին։ Մենք նպաստում ենք նաև Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխմանը։ Գերմանիայի Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը (IRZ) երկար տարիներ աշխատում է Հայաստանի նոտարների հետ՝ օրենքներն ու ընթացակարգերն արդիականացնելու ուղղությամբ։ Ներկայում շեշտը դրված է այն հանգամանքի վրա, թե ինչպես պետք է եվրոպական տարբեր օրենքները գործնականում կիրառվեն։ Սա շատ կարևոր է կենսական տարբեր հարցերի առումով, օրինակ, երբ միևնույն ընտանիքի անդամներն ապրում են տարբեր երկրներում։ Մենք համատեղ հետաքրքրություն ունենք այս հարցում՝ նկատի ունենալով այն հայերին, որոնք ապրում են Գերմանիայում։

Սրանք մեր ավելի լայն համագործակցության ընդամենը մի քանի տարրերն են։ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ է համարում «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) և Ռազմավարական գործընկերության օրակարգի ներքո ընթացող խոստումնալից բարեփոխումները։ Եվ թեև բարեփոխումները շատ էներգիա են պահանջում ներգրավյալ բոլոր կողմերից, ես իսկապես հավատում եմ, որ օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, փոխկապակցվածությանը, էներգետիկ անվտանգությանն ու թվային փոխակերպմանն ուղղված ջանքերն ի վերջո շահաբեր կլինեն Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Հարգարժան դեսպան, առաջիկայում Գերմանիայից Հայաստան բարձրաստիճան այցելություններ սպասվո՞ւմ են, և կա՞ն արդյոք երկու երկրների միջև իրականացվող նախագծեր, որոնց մասին կցանկանայիք կիսվել։

-Ինչպես Ձեր ընթերցողները գիտեն, Հայաստանը պատրաստվում է մայիսին Երևանում հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը։ Ուրախությամբ տեղեկացա, որ Բեռլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է իր ամուր մտադրությունը՝ մասնակցելու այդ գագաթաժողովին։ Վստահ եմ, որ այդ գագաթաժողովը կխորհրդանշի Հայաստանի եվրոպական օրակարգը և հայկական հայտնի հյուրընկալությունը։