Եկեք խնդիրը դնենք ոչ թե գումարային, այլ՝ ինչպես անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին. Սուքիասյանը՝ Սարգսյանի առաջարկած նախագծի մասին

screenshot-13-1768823524418-770x_

«Ինչու չեք նախատեսել, որ այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ՝ ավելի լավ առաջարկ կարող եմ անել՝ այդ մարդիկ կգան ՀՀ-ում աշխատանքի կընդունվեն, եկամտահարկ կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան, իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն»,- ԱԺ նիստում դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Անդրադառնալով Սարգսյանի առաջարկած զինծառայության օրենքի նոր փոփոխություններին՝ Սուքիասյանը նշեց. «90-ականներին շատերը գնացել են կեղծ ձևակերպումներով, կեղծ փաստաթղթերով տարբեր դիմումներ են գրել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դա նույնպես մեզ համար խնդիր է, որպեսզի այդ մարդիկ էլ գան Հայաստան ինչ-որ մի բան գեներացնեն, ՀՀ-ում բնակվեն: Դուք ընկել եք գումարի հետևից, ոչ թե խնդրի լուծման, ինձ մոտ նման տպավորություն է ստեղծվում»:

Հայկ Սարգսյանը նշեց, որ նախագծով գումարի հետևից չեն ընկել. «Նրանք, ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն: Թող գան ծառայեն, եթե չեն կարող ծառայել, որովհետև արդեն ունեն ընտանիք, կամ մեկ երեխա կամ այլ անհամատեղելի հանգամանք, կարող են վճարել գումար և ծառայել կարճ ժամկետով, եթե չեն ցանկանում ծառայել, պետք է վճարեն մեծ գումար»:

Սուքիասյանը հավելեց, որ 90-ականներից սկսած շատ բարդ պայմաններ են եղել. «Տարբեր պատճառներ են եղել, տարբեր ընտանիքներ են եղել, տարբեր գիտակցություն է եղել մարդկաց մոտ, հիմա եթե ուզում ենք ինչ-որ ձևով այդ խնդիրը կարգավորել, էլի պետք է գումարի հետևից չընկնենք: Ամենավատ բանն է, երբ ցանկացած քաղաքացի խուսափում է բանակում ծառայելուց, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք՝ ինչ ծանր ժամանակներ են եղել, եկեք այդ խնդիրը ոչ թե դնենք զուտ գումարային, այլ դնենք, թե ոնց անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին»: